
Հայերն ու ադրբեջանցիները 9 մլն դոլարի «աֆերա» են իրականացրել

ԱՄՆ-ի Դաշնային դատախազության Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանից տեղեկացրել են նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթյալների ավազակախմբի ձերբակալության մասին: Այս մասին գրում է tert.am-ը` հղում անելով Эхо Москвы-ին:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է 251 դրվագ և 17 անձ, որոնք բնակվում են Լոս Անջելեսում և դրա մերձակայքում: Նրանք մեղադրվում են դեղագործական ընկերության հաշվից 9 մլն դոլար հանելու մեջ: Հետաքննությամբ զբաղվելու է նաև ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Այս գործով անցնում են 27-ամյա Հուսեյն և 32-ամյա Ռուսլան Մագոմեդգաջիևները՝ Դաղստանից, ադրբեջանցի Մուրադ և Իզումրուդ եղբայրները, 34-ամյա Արմեն Ապերյանը և 32-ամյա Աելիտա Կուլիևան: Նրանք հետախուզման մեջ են: Հնարավոր է՝ գտնվում են ԱՄՆ-ի տարածքից դուրս:
Մեղադրականում ճշգրտվում է, որ մեղադրյալների մեծ մասը «Հայաստանից, Ադրբեջանից և Դաղստանից ներգաղթածների առաջին սերնդի ներկայացուցիչներ են»: Vesti.az-ը նույն առիթով նշում է, որ նրանք գործել են հրեայի գլխավորած հանցախմբի կազմում:
Աֆերան իրականացվել է 2009-ի սկզբից մինչև 2011-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում:
Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: