«Պարոն Աբրահամյան, Դուք պարտավոր եք զանգել ինձ»

Այսօր ԱԺ նիստին  ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ելույթից հետո վերջինիս հարց ուղղեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես խնդրում եմ, որ մի քիչ ուշադիր լսեք, և Էս հարցը կհետաքրքրի նաև մեր բոլոր գործընկերներին: Այ, Դուք ասացիք, որ հունվարի 12-ին` մինչև 13-ին այդ փողի ստանալը, Դուք ունեցել եք 410 հազար դոլար՝ Ձեր և Ձեր կնոջ հաշվին: Ես խնդրում եմ` մի հատ հստակ պատասխանեք` այդ գումարը եղել է այն հաշվի՞ն, որի վրա Դուք ստացել եք բարեգործության գումար, թե՞ դրանք տարբեր հաշիվներ են եղել: Եթե նույն հաշվին է եղել, դա հարցն ինչ-որ տեղ ավելի ճշտելու խնդիր կա, եթե տարբեր հաշիվներ են եղել, Դուք ինչո՞ւ Ձեր փողը Ձեր անձնական հաշվին չեք օգտագործել, այլ օգտագործել եք այն հաշվից, որ եկել է բարեգործության համար»,- հարցրեց Հ. Աբրահամյանը: Ի պատասխան, Վ. Օսկանյանն ասաց. «Պարոն Աբրահամյան, ես գիտեմ` Դուք ինչի՞ եք ուզում հասնել: Ո՛չ, այդ 410 հազար դոլարն այդ իմ  հաշվին չի եղել, բայց  370 հազարը եղել է իմ հաշվին: 410-ը եղել է ուրիշ հաշիվների` 4 տարբեր հաշիվների, երբ որ Հանթսմանի հաշվին էլ է բացել, ես արդեն ունեցել եմ  5 տարբեր հաշիվներ, 5 տարբեր վարկային գծեր, 5 տարբեր ինչ-որ քարտեր, ուղղակի ես էդ գումարը նշեցի` ասելով, որ ես գումար ունեցել եմ, եթե ինչ-որ ծախս եմ արել, ինչի՞ ես պիտի Հանթսմանի գումարները ծախսեմ»: Այնուհետև հավելեց. «Ես նստած այստեղ, իսկապես, վիրավորված եմ զգում ինձ: Կարող է ինչ-որ բաներում մարդ սխալվի, կարելի է նստել-խոսել, Արդարադատության նախարարություն կա, Հարկային կա: Երբ ես հունիսի 1-ին Ազգային անվտանգության ինչ-որ մի աշխատողի կողմից ստանում եմ հայց, այն էլ` ոչ ես, այլ` իմ աշխատակիցներից մեկը` 22 տարեկան աղջիկ, որը սարսափած` բաց, ոչ ծրարի մեջ, բերում-տալիս է ինձ, ասում է` պարոն Օսկանյան, փողերի լվացման հարցով հարցաքննության են կանչում: Սա՞ Է ձևը 10 տարվա արտգործնախարարին վերաբերվելու: Պարոն Աբրահամյան, մի հատ պատասխանեք: Մի հատ կանչեք, ասեք, պարոն Օսկանյան, մենք էստեղ խնդիր ունենք, ես էլ բացատրեի»:

Օսկանյանի պատասխանից հետո ԱԺ նախագահը միջամտեց` ասելով. «Պարոն Օսկանյան, եթե Դուք ժամանակին գնայիք, իրավապահ մարմիններին այդ բաներն ասեիք, ոչ թե խուսափեիք գնալ, հանդիպեիք…»:

«Պարոն Աբրահամյան, առիթ տվեցիք ինձ` չգնացի՞»,- հակադարձեց Օսկանյանը: Ի պատասխան` ԱԺ նախագահն ասաց. «Իմ կարծիքով` առիթը քաղաքական կատեգորիա չի»: «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ հրավիրեցիք ինչ-որ նպատակով, ես չեմ ուզում ասել, ես ակնկալում էի, որ Դուք կզանգեիք: Պարոն Աբրահամյան, Դուք պետք է զանգեք ինձ, Դուք պարտավոր եք: Ես խաբված եմ զգում ինձ, չեմ ասում, թե խաբել եք»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը, ում պատասխանից հետո ԱԺ նախագահը հստակեցրեց, թե հարցն անձնական չի եղել:

 

Տեսանյութեր

Լրահոս