Վարդան Օսկանյանի աչքը կուշտ է, նա շաբաթ օրը վերականգնել է ամբողջ գումարը
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը շաբաթ օրը իր հաշվեհամարում եղած 807.000 դոլարը փոխանցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին: «Իմ աչքը կուշտ է, և ես կարիք չունեմ յուրացնելու Հանսթմանի գումարները: Ես շաբաթ օրը այդ գումարը փոխանցել եմ հիմնադրամին, չնայած կարող էի և չանել, քանի որ Հանսթմանն իմ առջև նման պահանջ չէր դրել»,- հայտարարեց Վարդան Օսկանյանը:
Այսպիսով` ստացվում է` ԱԺ-ում հիմա քննարկվում է մի հարցը, որն այլևս գոյություն չունի, քանի որ այդ «յուրացումը» Վարդան Օսկանյանը վերականգնել է նախորդ շաբաթ օրը:
«Հիմա այս պահի դրությամբ արդեն փողը կա, ոչ մի բողոք չկա և չի էլ եղել ո’չ Հանսթմանի, ո’չ էլ հիմնադրամի կողմից»,- ասաց նա` հավելելով, թե ինքն այդ փողերի կարիքը չունի:
Վարդան Օսկանյանի խոսքով` սա քաղաքական հետապնդում է ոչ միայն իր նկատմամբ, այլև` ԲՀԿ-ի, քանի որ ԲՀԿ-ն այլընտընտրանք է այսօրվա «ձախողված իշխանություններին»:
Ըստ Վ. Օսկանյանի` այս քրեական գործը ցույց է տալիս, որ մենք վերադառնում ենք 37 թվականները: «Մենք վերադառնում ենք Ստալինյան ժամանակներ, որտեղ սկզբունքը հետևյալն էր. մարդ լինի, հոդվածը կգտնենք: Հիմա մարդը դտել են, գործը գտել են, բայց հանցագործություն չկա»,- ասաց նա:
Ի դեպ, ցանկացողները կարող են ԱԺ վերոնշյալ քննարկումը դիտել այստեղ.