Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ին չթույլատրեց փաստաթղթեր բաժանել
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` որպես մեղադրյալ ներգրավելու մասին ԱԺ ներկայացրած միջնորդագիրը բացառապես պարունակում է քաղաքական ենթատեքստ:
«Սա բացարձակապես քաղաքական կոմպոնենտ է պարունակում իր մեջ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում կասեն` կհիմնավորեն այդ մասին, որից հետո խմբակցության անունից ես հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ«,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Նա նաև նշեց, որ ԱԺ նիստից առաջ իրենք պատգամավորներին կբաժանեն Վ. Օսկանյանի «մեղադրանքի անհիմն լինելու մասին վկայող փաստաթղթեր»: «Ես` համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի, առավոտյան դիմեցի Ազգային ժողովի նախագահին` ասելով, որ թույլ տա ինձ, որպեսզի ես Նիստերի դահլիճում պարոն Օսկանյանի ելույթի ժամանակ բաժանեմ մեղադրանքի անհիմնությունն ապացուցող փաստաթղթերի մի փաթեթ: ԱԺ նախագահը թույլ չտվեց, որ մենք նիստերի ժամանակ բաժանենք համապատասխան փաթեթը, իսկ դա նշանակում է, որ փորձագետները` 12-ին տասը պակաս կկանգնեն Ազգային ժողովի դահլիճի երեք մուտքերի մոտ, և պատգամավորներին կբաժանեն ահա այս փաթեթը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը չթույլատրեց, որպեսզի այդ փաստաթղթերը բաժանվեն նիստի ընթացքում, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին պետք է հարցնել ԱԺ նախագահից, ով իրեն ասել էր, թե նպատակահարմար չի գտնում, որ Նիստերի դահլիճում փաստաթղթեր բաժանեն: Իսկ հարցին, թե ինչո՞ւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա չի գտնվելու նիստին, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Պարոն Ծառուկյանը նախապես ծրագրված այց ուներ, և այդ պատճառով բացակայում է: Ո՛չ, նա Հայաստանում չէ: ԲՀԿ պատգամավորներն իրենց ելույթները կունենան, և ֆրակցիայի անունից ես կխոսեմ»: