Կա’մ այդ միջնորդագիրը պետք է վերաբերի բոլորին, կա’մ` ոչ ոքի. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրին, որն այս պահին քննարկվում է ԱԺ-ում, հայտարարեց. «Դա նախընտրական և քաղաքական է, և պետք է մերժվի: Կամ բոլոր պաշտոնյաները` վարչապետն ու պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից, կամ` ոչ ոք: Այս ամեն ինչն անընդունելի է, եթե չի վերաբերելու բոլորին: Եթե Վարդան Օսկանյանը 2 մլն պարտք է, թող տա, բայց դատախազը և մյուսները պետք է պատասխան տան, թե վերջին ընտրություններում հարյուրավոր միլիոններն ովքեր բաժանեցին, ով հրահանգեց: Վարդան Օսկանյանին քավության նոխազ, նախընտրական զոհ չդարձնեք, խնդիրը բոլորովին այլ տեղ է»:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` իրենց դիրքորոշումը` չմասնակցել այդ միջնորդագրի քվեարկությանը, կապ չունի իրենց այն գնահատականի հետ, որ Վարդան Օսկանյանը պետք է դեռ պատասխան տա «Մեղրիի տարբերակն առաջ քաշելու համար»: «Քանի դեռ իմ շատ հարգարժան հետնորդը պատասխան չի տվել Մեղրիի տարբերակն առաջ քաշելու, Մադրիդյան սկզբունքների, Մարտի 1-ի և շարքային քաղաքացիների նկատմամբ հալածանքների համար, նրա ընդդիմադիր լինել-չլինելու հարցը մնում է խիստ վերացական` իր ձեռքում է»,- ասաց նա` հավելելով, սակայն, որ դա բոլորովին կապ չունի այսօր Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքի հետ:

Տեսանյութեր

Լրահոս