Տիտո Վիլանովա. Բարսելոնան կարող է կրկնել վերջին 4 տարվա հաջողությունները
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Սպարտակի» հետ հանդիպման նախօրեին հայտարարել է, որ կատալոնացիները կարող են նվաճել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի չեմպիոնական տիտղոսը:
«Դեռևս վաղ է խոսել «Ուեմբլիի» մասին (2012/13 մրցաշրջանի ՉԼ-ի եզրափակիչը տեղի կունենա «Ուեմբլի» մարզդաշտում, խմբ.): Մենք պետք է պարզապես լավ սկսենք խմբային փուլը:
«Ռեալի» հետ ունեցած 8 միավորի տարբերությո՞ւնը: Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մրցաշար է, և այժմ մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք ՉԼ-ի վրա: Չեմ կարծում` Իսպանիայի առաջնության մեկնարկային 4 խաղերում հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստներն էյֆորիայի մեջ են. նրանք շատ հաղթանակներ են տոնել թե՛ «Բարսելոնայի», թե՛ Իսպանիայի հավաքականի կազմում:
Կրկնե՞լ թիմի վերջին 4 տարվա հաջողությունները: Անհնարին ոչինչ չկա, թեև շատ բարդ կլինի դա անել»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական Twitter-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը