Բաժիններ՝

Սևադա Արզումանյան. Չեմ եկել այստեղ կախարդական փայտիկով փոփոխություններ անելու

Կապանի «Գանձասարը» երեկվանից սկսել է մարզվել Սևադա Արզումանյանի գլխավորությամբ, ով գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Սամվել Սարգսյանին:

Օգոստոսին «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տված Սևադա Արզումանյանը շարունակում էր աշխատել Հայաստանի չեմպիոնի հետ` զբաղեցնելով տեխնիկական տնօրենի պաշտոնը:

SportArmenia-ի հետ զրույցում մասնագետը խոսել է իր տեղափոխության մասին ու կիսվել իր առաջիկա ծրագրերով:

-Պարոն Արզումանյան, կպատմեք, ինչպե՞ս ստացվեց առաջարկը և համատեղելո՞ւ եք արդյոք «Ուլիսում» աշխատանքի հետ:

-«Գանձասարի» ղեկավարությունից առաջարկ եղավ, որպեսզի ես գլխավորեմ թիմը: «Ուլիսում» ես տեխնիկական տնօրենի պաշտոնում էի, բայց  եթե կա մարզչի աշխատանք, ես այն ավելի շատ եմ նախընտրում: Աշխատանքը չեմ համատեղելու, քանի որ երկուսն էլ այդ դեպքում կիսատ են մնում: Ամբողջությամբ նվիրվելու եմ իմ նոր առաքելությանը:

-Այդուհանդերձ, երկար տարիներ «Ուլիսում» էիք, որի հետ մի շարք հաջողություններ եք գրանցել… Դժվար չէ՞ր հեռանալ:

-«Ուլիսը» ես ինձ հարազատ թիմ եմ համարել ու շարունակում եմ համարել: Իմ մարզչական ամենալավ տարիներն անցել են այդ ակումբի հետ: Ես շատ լավ ղեկավարներ եմ ունեցել, ովքեր ընձեռել են բոլոր հնարավորությունները, որպեսզի մենք կարողանանք հաջողություններ գրանցել, երջանիկ օրեր անցկացնել, ինչը կարևոր է ֆուտբոլում: Բայց եղել են նաև դժվար օրեր: Այս առաջնության մեկնարկից հետո ինձ համար ավելի դժվար էր մնալ թիմում: Պահը հասունացել էր, երբ արդեն ինչ-որ փոփոխություն էր պետք: Դա շատ մարդկանց համար կարող էր անսպասելի լինել, որոշների համար լավ կամ վատ: Այդ պարագայում ես ինքս որոշեցի, որ ավելի ճիշտ է այդ փոփոխությունը լինի մեկ հոգի, ինչի շնորհիվ հետագայում հաջողություններ կլինեն: Ես 2006 թվականից էի «Ուլիսում», իսկ գլխավոր մարզչի պաշտոնում արդեն 4-րդ տարին էր, որոնցից երեքում թիմը մրցանակային տեղեր էր զբաղեցրել: Շատ լավ կոլեկտիվ է եղել, ինձ լավ եմ զգացել այդ աշխատանքի մեջ: Բայց պահը փոփոխություն էր թելադրում ու ես ճիշտ գտա, որ ինքս պետք է լինեմ այդ փոփոխությունը:

-Արդեն տեղափոխվե՞լ եք Կապան:

-Այո, Կապանում եմ, երեկ արդեն ներկայացվել եմ թիմին և մի մարզում անցկացրել ենք: Այսօր երկրորդ անգամ կհանդիպեմ տղաների հետ:

-«Գանձասարը» թեև լավ էր մեկնարկել առաջնությունում, բայց հետո սկսեց զիջել դիրքերը… Ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեղի կարող է հավակնել թիմն ընթացիկ մրցաշրջանում:

-Ճիշտ նշեցիք, լավ էր սկսել, հետո ինչ-որ պրոբլեմներ եղան: Այդպես լինում է, տարբեր թիմեր կարող են վատ սկսել, հետո լավացնել ելույթները: Առաջնության կեսը չնայած անցել է, բայց դեռ մեկ տարի կա մինչև այն ավարտվի: Այս ժամանակահատվածում մենք պետք է աշխատենք, տեսնենք, թե ինչ որակներ կան, փորձենք դրանք զարգացնել, հետո արդեն` բարելավել արդյունքները: «Գանձասարն» առանձնահատուկ թիմ է, որն ունի նաև երկրպագուների մեծ բանակ: Նրանք նույնպես պահանջներ են դնում ակումբի առջև: Կարծում եմ` դրանք են խաղալ գեղեցիկ ֆուտբոլ և արդյունքներ ցույց տալ: Պետք է դիտարժան խաղ ցուցադրենք այստեղ, գոլեր ու հաղթանակներ ապահովենք: Սա է մեր խնդիրը, որին պետք է հասնենք` զարգացնելով ունեցած որակները: Երկրպագուներն էլ ակումբի մի մասն են, ովքեր ուրախանում, պարտության ժամանակ էլ կիսում են տխրությունը: Սա մարզային ակումբների առանձնահատկությունն է:

-Իսկ այդ հաջողություններին հասնելու համար ի՞նչ փոփոխություններ եք ծրագրել:

-Ես դեռ ավելի լավ կծանոթանամ թիմի հետ: Ճիշտ է, հեռակա ուսումնասիրել եմ «Գանձասարը», քանի որ միշտ մրցակցություն ենք ունեցել այս ակումբի հետ: Որպես մրցակից «Գանձասարն» ինձ միշտ հետաքրքիր է թվացել: Հիմա արդեն ներսից ժամանակի ընթացքում կուսումնասիրեմ: Կարծում եմ` ինչքան քիչ փոփոխություն լինի, այնքան` լավ: Դրանք միայն լավ արդյունքներ բերելուն պետք է միտված լինեն: Ես չեմ եկել այստեղ կախարդական փայտիկով փոփոխություններ անելու: Պարզապես պետք է փորձենք եղածը կատարելագործել ու ավելացնել: Եթե դա տեղի չի ունենում, այդ դեպքում նոր պետք է միջամտենք, թե դա կլինի փոփոխություններով, թե այլ կերպ, կտեսնենք:

– Ովքե՞ր են աշխատելու Ձեզ հետ մարզչական շտաբում:

-Ինձ մարզչական շտաբում օգնելու է Արթուր Ասոյանը, որի հետ երկար տարիներ ենք աշխատել, ինչպես նաև Ավետիք Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը, ովքեր Ղափանում են, աշխատել են և կշարունակեն աշխատել այս թիմի հետ: Այս չորսով կլինենք մարզչական շտաբում:

Զրուցեց Անուշ Անանյանը

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս