Սննդի անվտանգության պետական ծառայության հայտնաբերած սոդան… չի հայտնաբերվել

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է կաթնամթերքում սոդայի մասով լաբորատոր հետազոտությունը և սոդա չի հայտնաբերել: Սակայն ինչպես պարզվեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի խոսքերից, Ռիսկերի գնահատման կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որով սոդան կաթնամթերքում հայտնաբերվել էր վաճառքի դրված ապրանքում, խորհրդակցություն է անցկացվել տնտեսվարողների հետ, և նրանց հայտնել են, որ ծառայությունը տեսչական ստուգումներ է անելու արտադրություններում:

Ըստ Բախչագուլյանի՝ տեսչական ստուգումները դեռ շարունակվում են, և արդյունքները կամփոփվեն 18 օրվա ընթացքում, որից հետո կորոշվի՝ տուգանք նշանակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ծառայությունն իրավասու է խախտումներ թույլ տված տնտեսվարողներին տուգանել 30 հազ. դրամից մինչև 300 հազ. դրամի չափով: Կաթնամթերքի մեջ սոդայի գործածումը, Բախչագուլյանի խոսքով, 300 հազ. դրամին համարժեք խախտում է: Սակայն քանի որ տեսչական ստուգման արդյունքում սոդա կանթամթերքում չի հայտնաբերվել, այդ մասով ձեռնարկությունները չեն տուգանվի:

Ծառայության պետը հայտարարեց, թե սոդան վտանգի աղբյուր չէ, այլ ընդամենը կեղծվածություն է, և նույնիսկ պաստերիզացիայից առաջ սոդա ավելացնելը վտանգավոր չէ: Բայց, միևնույն ժամանակ, Բախչագուլյանը շեշտեց, որ տնտեսվարողները իրավունք չունեն մակնշման մեջ նշել սոդա, քանի որ դա չի կարելի օգտագործել կաթնամթերքի արտադրությունում:

Իսկ թե ի՞նչը կխանգարի տնտեսվարողներին այսուհետ ևս կիրառել չթույլատրված հավելումներ, այդ առումով Բախչագուլյանը հավաստիացրեց, որ ծառայությունը պարբերաբար ստուգումներ է իրականացնում, և առաջիկայում իրենք ստանալու են նաև հսկիչ գնումների հնարավորություն:

Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խանութներից վերցված նմուշներում կաթի մեջ սոդա էր հայտնաբերել 11 արտադրողների՝ «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ընկերությունների արտադրանքում:

Հավելենք նաև, որ Ռուսգյուղակադեմիայի կաթնամթերքի արտադրության ԳՀԻ-ի հետազոտությունների համաձայն՝ չոր փոշուց ստացված կաթի մշակման բարդ գործընթացի, օրինակ՝ բազմակի տաքացման ժամանակ, սոդան ռեակցիայի մեջ է մտնում կաթի սպիտակուցների հետ, ինչի հետևանքով ամոնիակ է առաջանում: Կուտակվելով օրգանիզմում` ամոնիակը գրգռում է աչքերի լորձաթաղանթն ու վերին շնչուղիները, առաջացնում չորություն ու հազ, իսկ եթե թանձր է՝ շնչարգելություն:

Տեսանյութեր

Լրահոս