Հայաստանը վտանգավոր է, եթե նրան թույլ ես տալիս խաղալ. Լյուբոսլավ Պենև
Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հարցազրույց է տվել Mediamax-ին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանն՝ առանց կրճատումների։
– Ի՞նչ տրամադրություն է տիրում Բուլղարիայի ազգային հավաքականում ՖԻՖԱ-ի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախաշեմին:
– Կարծում եմ, մենք պատրաստ ենք ընտրական փուլին: Մենք աշխատել ենք 8 ամիս շարունակ` ես ու ֆուտբոլիստները… 4 ընկերական հանդիպում ենք անցկացրել և լավ ենք նախապատրաստված: Երբ դարձա հավաքականի մարզիչ, նպատակ ունեի թիմ կառուցել, որը կունենար պինդ հոգեբանություն, միշտ կխաղար հաղթելու համար, պատրաստ կլիներ կռվելու ու հաղթելու, և կարծում եմ, ես քիչ թե շատ հասել եմ դրան: Բուլղարիան ոչ մի հանդիպում հեշտությամբ չի զիջելու, դա հաստատ:
– Ի՞նչ հաջողությունների կարող է հասնել Բուլղարիան այս ընտրական փուլում:
– Չէի ցանկանա խոսել հեռու ապագայի մասին: Մենք պետք է մեր ազգային հավաքականի յուրաքանչյուր հանդիպման պատրաստվենք շատ մանրակրկիտ, հարգենք մրցակցին, միևնույն ժամանակ, մտածենք մեր թույլ կողմերի մասին: Յուրաքանչյուր մրցաշրջան պարտավոր ենք շատ աշխատել սխալներն ուղղելու համար և զարգացնել մեր խաղաոճը:
– Ի՞նչ ոճի ֆուտբոլ է պետք սպասել Բուլղարիայի ազգային հավաքականից Իտալիայի և Հայաստանի դեմ մրցավեճերում:
– Այն ժամանակ, երբ դեռ ֆուտբոլիստ էի, իմ համոզմունքն էր օգնել թիմիս ցանկացած ձևով ագրեսիվ խաղալ և փորձել որքան հնարավոր է շատ գոլեր խփել: Այսօր էլ եմ այդ համոզմունքին: Հիմա ես մարզիչ եմ և հավատում եմ, որ կարգապահության, ինտելեկտի և ագրեսիվության միջոցով Բուլղարիան կարող է ստիպել ցանկացած մրցակցի տառապել:
– Ինչպիսի՞ ն է Բ խումբը, և ու՞մ եք այստեղ համարում Ձեր ամենալուրջ մրցակիցը:
– Կոշտ խումբ է: Մրցակիցներից ոչ մեկը չպետք է թերագնահատվի: Սա այնպիսի խումբ է, որտեղ ամեն ինչ կարող է պատահել, բայց ես դրա վրա չեմ կենտրոնանում: Բուլղարիայի նպատակն է յուրաքանչյուր հանդիպմանը լավ ֆուտբոլ խաղալ և փորձել հաղթել: Խմբի ֆավորիտն, իհարկե, Իտալիան է: Բայց Չեխիան և Դանիան ևս մասնակցել են Եվրոպայի վերջին առաջնությանը:
– Բուլղարիայի առաջին հանդիպումն Իտալիայի ընտրանու դեմ է: Ինչպիսի՞ն են այս խաղում Բուլղարիայի շանսերը:
– Մենք ունենք մեկ մեծ առավելություն, և դա այն է, որ մենք այդ հանդիպումն անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Սոֆիայի Վասիլ Լևսկու ստադիոնում Բուլղարիան կարող է հաղթել բոլորին: Իտալիան համարվում է աշխարհի լավագույն թիմերից մեկը, ուստի շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում:
– Իսկ ի՞նչ եք ակնկալում սեպտեմբերի 11-ին Հայաստանի հետ խաղից:
– Հաղթանակ:
– Ի՞նչ գիտեք հայկական ֆուտբոլի մասին: Կառանձնացնեի՞ք որոշ ֆուտբոլիստների:
– Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ոճով է խաղում Հայաստանի ազգային հավաքականը: Նրանք խաղում են արագ ֆուտբոլ՝ հիմնված հակագրոհների վրա, և շատ վտանգավոր են, եթե նրանց թույլ եք տալիս խաղալ: Ես չէի ցանկանա որևէ առանձին ֆուտբոլիստի անուն նշել, քանի որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, լավ թիմ է:
-Ի՞նչ փոփոխություններ կան ընտրական փուլի մեկնարկին Բուլղարիայի ազգային հավաքականում:
– Մի քանիսն են, բայց հիմնականում միջազգային հանդիպումների փորձ ունեցող ֆուտբոլիստների փոփոխությունները քիչ են:
– Մենք կցանկանայինք նաև մեկնաբանություն ստանալ Դիմիտար Բերբատովի` Բուլղարիայի ազգային հավաքական վերադարձի հավանականության մասին: Հնարավո՞ր եք համարում, որ նա երբևէ կվերադառնա:
– Այս թեման փակված է: Ես հրավիրել եմ Դիմիտարին վերադառնալ ու կրկին ազգային հավաքականի մաս կազմել, բայց նրա վերջնական որոշումն էր այլևս երբեք չխաղալ հավաքականում:
– Կանխատեսեք, խնդրեմ, թե խմբում ո՞ր հորիզոնականում կհայտնվի Բուլղարիայի ազգային հավաքականը ընտրական փուլի ավարտին:
– Դա դժվար հարց է: Ես ֆուտբոլային մարզիչ եմ, ոչ թե գուշակ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը