Հ. Հովհաննիսյան. «Կոնգրեսը պատրաստ է մոմ բռնել ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների ժամանակ»
«Ի՞նչ եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ. ԲՀԿ-ն 15 թեկնածու էր առաջադրել մեծամասնականով, որոնցից 8-ի ընտրատարածքներում Հանրապետականը թեկնածու չէր դրել, և այդ 8-ն էլ ընտրվեցին, որովհետև նախօրոք պայմանավորվածություն է եղել, իսկ մյուս 7 ընտրատարածքներում ընտրվել են հանրապետական թեկնածուները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` ի պատասխան 168.am-ի հարցին, թե ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն արդյո՞ք չի կարելի դիտել՝ որպես գալիք նախագահական ընտրությունների նախերգանք: «Այսինքն, սա ի՞նչ է նշանակում, որ առ այսօր ընտրությունները կազմակերպվում են հին մեթոդով, ամբողջատիրական համակարգի պայմաններում, երբ կաբինետներում էր որոշվում, թե ով պետք է լինի: Եվ այս ոճով ընտրությունները նշանակում է՝ ժողովրդին ուղարկել թոշակի: Ժողովրդի քաղաքացիական գործոնը բացառելու նպատակ ունեն այս փոխհամաձայնությունները: Այսօր մամուլում ամենաակտիվ կերպով քննարկվող թեման ո՞րն է. թե արդյո՞ք ուլտիմատում ներկայացվել է Սերժ Սարգսյանին՝ նրա թեկնածությունը պաշտպանելու դիմաց, թե՞ չի ներկայացվել: Ինքը` այդ հարցի քննարկումն, արդեն ցույց է տալիս, որ մեր մամուլը, որը կուսակցական է, անուղղակիորեն համակերպվել է այդ տրամաբանության հետ: Եվ այսօր ամենակարևոր հարցը դարձել է այն, թե ո՞նց իրար մեջ կպայմանավորվեն, իսկ արմատական ընդդիմությունը` ի դեմս Կոնգրեսի, պատրաստ է դամ պահել, կամ, ինչպես ասում են, մոմ բռնել այդ բանակցությունների ժամանակ»,- ասաց Հովհաննիսյանը: