ՀՀ նախագահի ուղերձը՝ Արցախի անկախության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ։
Նախագահի ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ:
Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ դուք բուժում եք Ադրբեջանի անհեռատես իշխանությունների սանձազերծած պատերազմի վերքերը, վեր եք բարձրացնում մահաբեր ռումբերից ու հրթիռներից ավերված ձեր գյուղերն ու քաղաքները, ձեր տներն ու դպրոցները, կառուցում ու շենացնում եք ձեր հայրենի հողը: Եվ այսօր մենք վստահորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է՝ զարգացող և ժողովրդավար: Սա տեսնում է ամբողջ աշխարհը, նույնիսկ նրանք, ում դա այնքան էլ դուր չի գալիս:
1991 թվականին, երբ Արցախի ժողովուրդն իր պատմական որոշումն էր ընդունում, մենք ասում էինք Ադրբեջանին, որ հայությանը այդ աստիճան թերագնահատել չի կարելի: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ չենք ուզում պատերազմ, բայց պատրաստ ենք և կռվելու ենք: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ հակահայ մոլագարներից, սադիստներից և մարդասպաններից մենք չենք վախենում, մենք դա արդեն անցել ենք: Մեզ չլսեցին: Եվ սանձազերծեցին պատերազմ, որն ուներ հստակ նպատակ՝ բնաջնջել հայությանն առնվազն Արցախի տարածքում կամ նվազագույնը բռնագաղթեցնել արցախահայությանը: Էթնիկ զտում իրականացնելու ծրագրերը տապալվեցին, ինչպես տապալվելու են բոլոր նորերը:
Այսօր մենք նույնն ենք ասում. չի կարելի թերագնահատել հայությանը, մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք և հաղթելու, մենք չենք վախենում մարդասպաններից, եթե նույնիսկ նրանք վայելում են առաջին դեմքի բարձր հովանավորությունը: Բայց մեզ էլի չեն լսում: Մեղքը իրենց վիզը:
Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձության: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակվեց: Այս առթիվ մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների արձագանքը: Բայց անկախ այդ արձագանքից, Արցախի ժողովրդի և ողջ հայության անունից ես ուզում եմ հարց տալ. արդյո՞ք, այսքանից հետո մոլորակի վրա կգտնվի մեկ մարդ, ով կառաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ, մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատվում ու հասարակայնորեն հերոսացվում է միայն հայ լինելու համար մարդուն սպանող յուրաքանչյուր տականք:
Եվրոպական արդարադատության ավելի մեծ վարկաբեկում դժվար էր պատկերացնել, հատկապես Հայաստանի և Արցախի համար, որովհետև մեզ համար դրանք ուղենշային են, բայց մենք դա էլ տեսանք:
Սիրելի՛ հայրենակիցներ, ցավոք, Արցախի պատմությունը նվաճողների, բաշիբոզուկների պակաս չունի: Մենք դա գիտենք, գիտենք նաև նրանց ուղարկել իրենց արժանի տեղը՝ պատմության աղբանոց: Մենք դա պարբերաբար արել ենք. պետք լինի էլի՛ ենք անելու:
Մենք գրեթե ամեն օր, իսկ վերջին օրերին՝ հատկապես, նորանոր ապացույցներ ենք ստանում այն իրողության, թե 21 տարի առաջ որքան ճիշտ էր Արցախի ժողովրդի ընտրությունը: Մենք նորանոր ապացույցներ ենք ստանում, թե ինչից է փրկվել արցախահայությունը: Այսօր մեծ օր է, և ոչինչ չի կարող փչացնել մեր փառապանծ տոնը: Խաղաղություն ու շենություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:
Կեցցե՛ ազատ Արցախը, որ մարմնավորումն է հայոց արժանապատվության»: