«Եթե ճնշում է եղել, թող դիմեն իրավապահ մարմիններին»

«Արտուր Աթայանը տեսավ, որ ՀՀԿ թեկնածուին շատերն են սատարում, դրա համար ինքնաբացարկ հայտարարեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Կապանի գործող ՀՅԴ-ական քաղաքապետ Արտուր Աթայանի` ՏԻՄ ընտրապայքարից դուրս գալու որոշմանը:

ՀՅԴ թեկնածուն ինքնաբացարկի դիմումը ներկայացնելուց հետո հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված էր. «Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը: Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների: Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ, ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները»:

Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ն «ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է», և պարզ է, որ չի կարող գնալ ճնշումների ճանապարհով: «Միևնույն ժամանակ, իմ կարծիքով՝ Արտուր Աթայանը, որի նկատմամբ ես ունեմ հարգանք, որն ազատամարտիկ է, որին ճանաչում եմ, ծանրութեթև անելով իր շանսերը, տեսնելով, որ շատերն են սատարում ՀՀԿ թեկնածուին, հանել է իր թեկնածությունը: Եթե ճնշման խնդիր կա, կան իրավապահ մարմիններ, որոնց  էլ պետք է դիմել: Անկախ նրանից ո՞վ, ո՞ւմ հանդեպ, որտե՞ղ ճնշում կամ օրինախախտում է կիրառել, արժանի է պատժվելուն: Բայց քանի դեռ ներկայացված չեն փաստեր, այս ամենը կրում է դեկլարատիվ բնույթ, ես սա ընդունում եմ՝ որպես պարզապես հայտարարություն: Եթե որևէ մեկն ունի փաստեր, թող դիմի համապատասխան մարմիններին»,- ընդգծեց Է. Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ կուսակցությունն, իր հերթին, ամեն ինչ անելու է, որ ՏԻՄ ընտրություններն իրենց անցկացման կարգով չզիջեն խորհրդարանական ընտրություններին:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի հայտարարությանը, որտեղ կոմիտեն պահանջում է վերջ տալ «ընտրություն կոչվող ներկայացմանը» և անվավեր ճանաչել այս ընտրությունը՝ պատժելով բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, թե անվավեր ճանաչելու հիմքեր իրենք չեն տեսնում:

«Նրանք ոչ մի բան չեն հիմնավորում: Որևէ ճնշման մասին Ոստիկանությունում մի տող անգամ ներկայացված չէ, այդ հայտարարությունն անգամ անուն-ազգանուն չունի: Դա դեկլարատիվ հայտարարություն է: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Հայաստանում, անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական պաշտոնից` օրինախախտումներ կատարողները պետք է պատժվեն»,- շեշտեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս