ՀՅԴ-ն կոչ է անում անվավեր ճանաչել Կապանի ընտրությունը
ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն Կապանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հանդես է եկել իր հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ.
Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին՝ այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները, իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում իրենց ենթակա հիմնարկների աշխատակիցների, գործարարների նկատմամբ:
Կապանի գործող քաղաքապետը, ով ինչպես այս, այնպես էլ նախորդ անգամ մրցապայքարի էր ելել ինքնառաջադրման եղանակով, ցանկություն էր հայտնել վերընտրվել: Արթուր Աթայանին պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք քաղաքական հասարակական կազմակերպություններ, այդ թվում ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն:
Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը՝ հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:
Գործող քաղաքապետի ընտրապայքարից հարկադրական հրաժարումը և ԶԼՄ-ներով նրա տարածած հայտարարությունը բացահայտում են Կապանում տեղի ունեցողի ողջ անօրինականությունը:
Արդյունքում իշխանական-հանրապետական թեկնածուն մնացել է առանց մրցակցի: Ելնելով Կապանում ստեղծված վիճակից՝ ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն դիմում է հանրապետության ղեկավարությանը՝ պահանջելով վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը:
Առաջարկում ենք՝ անվավեր ճանաչել այս ընտրությունը, պատժել բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի:
Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են:
Պահանջում ենք քաղաքական եւ իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը այնուամենայնիվ կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել՝ մասնակից չդառնալ այդ խայտառակությանը»: