Սամվել Դարբինյանի շտաբը կոչ է անում վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի և ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում:

Մասնավորապես տեղեկություններ կան, համաձայն որոնց պատռվել են ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաև քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ:

Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ, որոնց կանխարգելումը քաղաքապետի թեկնածուի շտաբն իրականացրել է իրնքնուրույն` առանց իրավապահներին դիմելու: Ցավոք, հակառակորդներին անգամ փոքր վնաս հասցնելու որոշ մարդկանց մոլուցքը խոչնդոտում է արդար մրցակցության և քաղաքական պայքարի համընդհանուր նորմերին:

Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը կոչ է անում քաղաքապետի ու ավագանու բոլոր թեկնածուներին զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին: Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրեական հոգսերը թեթևացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս