Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղարին
Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և լավ հիմք են արդյունավետ ու բազմոլորտ համագործակցություն ծավալելու համար, և գոհունակությամբ ընդգծեց վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը և զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտա Դասսուն ասել է, որ ուրախ է այցելել Երևան՝ քննարկելու երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն կարևորել են անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի այցելությունը Իտալիա և այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերին հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, գիտական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանն ու Մարտա Դասսուն կարևորեցին նաև ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում:
Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքը, այդ բնագավառում նախատեսվող զարգացումները:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իտալիայի ԱԳ պետքարտուղարին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Դասսուն քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր: