Դատարանը քննում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամի գործը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը:
Ըստ մեղադրանքի, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 3.5 տոկոս, ապա 5 տոկոս այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:
Ամբաստանյալն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի՝ այսօր սկսված վկաների հարցաքննությունից հետո կհարցաքննվեն տուժող Մեխակ Գաբրիելյանը, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվի ամբաստանյալը:
Հարցաքննված վկաներն իրենց ցուցմունքներում ընդհանուր առմամբ փաստեցին, որ տեղյակ են եղել, որ ամբաստանյալը տոկոսով 120 հազար դոլար պարտք է տվել Մեխակ Գաբրիելյանին, ընդ որում՝ պարտքը տոկոսներով, մարվել է: Մասնավորապես, վկա Համլետ Գևորգյանը վկայեց, որ Մ. Գաբրիելյանը իրեն ասել է՝ «գնամ պարտքի վերջին մասը տամ», ապա վերադարձել է զայրացած ու պատմել, որ Սամսոն Ղազարյանը հրաժարվել է իրեն տալ պարտքի մարման ստացականը, պահանջելով, որպեսզի Մ. Գաբրիելյանն իրեն ևս 10 000 դոլար վճարի՝ դոլար-դրամ կուրսի տատանումների համար:
Հարկ է նշել, որ Սամսոն Ղազարյանը մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակում ստացական է ներկայացրել դատարան, ըստ որի Մ. Գաբրիելյանն իրեն պարտք է 60 հազար դոլար, դատը շահել է, և դատարանի վճիռն այժմ գտնվում է հարկադիր կատարման փուլում:
Սեպտեմբերի 6-ին կհարցաքննվի գործով վերջին վկա Ավագ Հարությունյանը, ով այսօր չէր ներկայացել դատարան: