Բաժիններ՝

Այս ուսումնական տարում Երևանի բոլոր դպրոցները կապահովվեն ջեռուցման համակարգերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը:

«2011 թվականին մենք կարողացանք ամբողջությամբ ավարտել մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ու ապահովել մանուկների համար պատշաճ տաք ու հարմարավետ պայմաններ: Երևանի համար սա համարում եմ մեծ ու կարևոր ձեռքբերում: Մինչև ջեռուցման սեզոնի մեկնարկը պետք է ավարտին հասցնենք նաև չջեռուցվող դպրոցների ջեռուցմամբ ապահովելու հարցը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել և կրթություն ստանալ:»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հետագա ծրագրերում կընդգրվեն նաև չջեռուցվող մշակութային օջախները, գրադարաններն ու մարզադպրոցները:

Քաղաքապետին զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները հիմնականում պատշաճ տեսքի են բերվել և պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել 2012 թվականի ծրագրերի շրջանակում նոր կառուցվող վերգետնյա հետիոտն անցումները մինչև սեպտեմբեր 1-ը բնակիչներին հանձնելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168am-ին տեղեկացնում են, որ քաղաքապետը հատկապես կարևորել է ուսումնական հաստատությունների մոտակայքում կառուցվող անցումների շահագործման հանձնումը` հանձնարարելով խստորեն վերահսկել հատկապես այդ աշխատանքների սահմանված ժամկետում կատարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս