Իրանում սեպտեմբերին մեկնարկում են «Արարատ» կազմակերպության 44–րդ համահայկական մարզական խաղերը

2012 թվականի սեպտեմբերի 13–ից պաշտոնապես մեկնարկում են Իրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության 44–րդ համահայկական մարզական խաղերը, որին մասնակցում են իրանահայ համայնքների հայկական միություններն ու մարզական  ազատ խմբերը։

Մրցությունները տեղի են ունենալու «Արարատ» մարզավանում, որտեղ և բնակեցվում են մյուս շրջաններից մասնակցող մարզիկները։ Տղամարդկանց և կանանց մրցույթները անց են կացվում ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, թեթև ատլետիկա, սեղանի եւ մեծ թենիս, լող եւ բիլիարդ մարզաձևերում։

Մրցաշարը տևելու է մէկ շաբաթև վերջում գավաթներ ու մեդալներ են ստանալու առաջնությունը շահած թիմերն ու մարզիկները։

Այս խաղերը, որի բացումը լինում է ընդհանրապէս ճոխ ու պետական բարձրաստիճան այրերի ներկայությամբ, ամենապատեհ առիթն է, որտեղ իրանահայ երիտասարդները կարողանում են շփվել միմյանց հետ ու փորձառություններ փոխանցել տարբեր բնագավառներում։

Նախկինում Իրանի Համահայկական խաղերին մասնակցել են նաև Հայաստանի, Արցախի, Ջաւախքի ու եվրոպական երկրներից հայկական մարզական խմբեր։

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպության մարզական միությունը 1964 թվականից ի վեր նախաձեռնել է Համաhայկական խաղերի մրցությունների  կազմակերպման, որը իր կարևոր նպաստն է բերել հայապահպանմանը, իրանահայ գաղութի տարբեր շրջանների սերտ հարաբերության և համագործակցության միջոցով:

Մրցություններին մասնակցություն են բերել Թեհրանի քույր միությունները, Թավրիզի, Ուրումիայի, և Ռաշտի  մասնաճյուղերը, ինչպես նաև Սպահանի , Շիրազի և Գորգանի ազատ խմբերը: Խաղերը ընդամենը երեք տարի տեղի չեն ունեցել՝ Իրանի հեղափոխության եւ իրանա-իրաքյան պատերազմին զուգադիպելով։

Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը հիմնադրվել է 1944 թվականին Թեհրանում։

 

Տեսանյութեր

Լրահոս