«Ռուբեն Հայրապետյանը չի պատժվի. առջևում նախագահական ընտրություներ են»
Վահե Ավետյանի գործով մինչդատական վարույթն ընթացել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր հայտարարեցին Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը:
Նրանց խոսքով՝ վարույթին ներգրավվելու, գործին ծանոթանալու, դրա վերաբերյալ իրենց միջնորդությունները ներկայացնելու և նախաքննության փուլում պատշաճ մասնակցություն ունենալու հարցերում իրենց առջև հետևողականորեն լուրջ խոչընդոտներ են ստեղծվել:
«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցած բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ նախաքննության մարմինն ու դատախազությունն ամեն ինչ արեցին՝ հանցագործությունը չբացհայտելու, Ռուբեն Հայրապետյանին հովանավորելու, գործին նրա մասնակցությունն ապացուցող փաստաթղթերը չբացահայտելու համար:
«Ռուբեն Հայրապետյանը չի պատժվի, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, իսկ Ռուբեն Հայրապետյանը պետք է ապահովի ներկայիս իշխանությունների վերարտադրությունը»,- ասաց Զ. Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով այս ամենը, նախաձեռնությունը պահանջում է ՀՀ ոստիկանապետի, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՔԾ-ի պետի հրաժարականը:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ ՀՀ-ում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտություն կա. «Դրա գործառույթներից պետք է լինեն իշխանական համակարգի ներկայացուցիչների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դրանց գնահատականներ տալը և այլն»:
ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այս ամենը բնակչությանը վարժեցնելու քայլ է: Տեղի ունեցած բոլոր դեպքերը նրան թույլ են տալիս ենթադրել, որ եթե չի հայտնաբերվում հանցագործը, նշանակում է նա պատկանում է իշխանական թևին: