Անդրեյ Սմիրնով. Եվրասիական միությանն ինտեգրված պետությունները պետք է հանդես գան միասնական գաղափարով

«Երիտասարդ Եվրասիա» հավաք-ֆորումի շրջանակներում կստեղծվի Եվրասիական ինֆորմացիոն լիգա: Այս մասին այսօր կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Սմիրնովը:

Նրա խոսքով՝ ինֆորմացիոն ֆորումը հնարավորություն կստեղծի Եվրասիական միավորման մասին լրագրողների միջոցով տեղեկացնել թվով ավելի շատ մարդկանց:  «Լիգան բաց է ու իրենց մասնակցությունը կարող են ցուցաբերել, ինչպես անկախ, այնպես էլ զանգվածային լրատվության բոլոր միջոցները ներկայացնող լրագրողներ: Առհասարակ, մասնակցել կարող են Եվրասիական միավորմամբ հետաքրքրված բոլոր կառույցները: Սա հնարավորություն կստեղծի հասարակությանը ծանոթանալ նրան, թե ի՞նչ սկզբունքներով է աշխատելու Եվրասիական համագործակցությունն ու ի՞նչ է Եվրասիական միությունը»,- նշեց Անդրեյ Սմիրնովը:

ՄՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասլովն իր հերթին շեշտեց, որ, չնայած Եվրասիական միության ինտեգրման հարցի շուրջ հնչող տարբեր տեսակետներին, անհրաժեշտ է հանդես գալ միասնական գաղափարով: «Անրաժեշտ եմ համարում միասնական գաղափարով ստեղծել ընդհանուր պրոդուկտ, ունենալ մտքերի ընդհանուր հարթակ՝ համախմբվելով ընդհանուր դաշտում գործող վերլուծական ու ինֆորմացիոն ուժերի շուրջ: Այս քայլերի իրականացմանը զուգընթաց՝ կփոխենք նաև հասարակության վերաբերմունքը ինտեգրման հարցի մասին»,- հավելեց Ալեքսեյ Վլասլովը:

Այն, որ Եվրասիական ինֆորմացիոն լիգան կդառնա Եվրասիական միության գործառույթների լուսաբանման միջոցը, ընդունում է նաև ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ երիտասարդական միության նախագահ Վահե Էնֆիաջյանը:

Իսկ «Նուր Օտան» ԱԴԿ «Ժաս Օտան» երիտասարդական թևի գործադիր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Նուրլան Աըդըկովը հանդես եկավ առաջարկով: Նրա համոզմամբ, միայն Եվրասիական ընդհանուր հեռուստաալիքի ստեղծումը հնարավորություն կտա մարդկանց՝ մասնավորապես՝ երիտասարդներին՝ ծանոթանալ իրար, հասկանալ՝ ո՞ր պետության հետ և ինչի՞ համար են համագործակցում:

Նշենք, որ այսօր տեղի կունենա Առաջին Եվրասիական Երիտասարդական հավաք-ֆորումի փակման պաշտոնական արարողությունը: Ֆորումին մասնակցել են 14 պետության ներկայացուցիչներ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս