McDonald’s-ի դեմ դատը սկսվել է
Մոսկվայի Լեֆորտովյան շրջանի դատարանում տեղի է ունեցել ամերիկյան McDonald’s կորպորացիայի «Մոսկվա-Մակդոնալդս» ՓԲԸ-ի դեմ քաղաքացի Վալենտինա Տեդեևայի հայցի հիման վրա դատական վարույթի առաջին նիստը:Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Հիշեցնենք, որ արագ սննդի այս կետի տարածքում ծաղկամանի քարե սալն ընկել էր կնոջ ոտքին, ինչի համար նա պահանջում է ավելի քան 800 հազար ռուբլու փոխհատուցում:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը ընթրելու նպատակով մտել է այդ հաստատության բացօթյա սրահ, իսկ նրա մոտ տեղադրված ծաղկամանից հանկարծ մի քարե սալ է պոկվել և ընկել ոտնաթաթին: Բժիշկների ախտորոշումը առավել քան մտահոգիչ է եղել` ձախ ոտնաթաթի փակ կոտրվածք:
Վալենտինա Տեդեևան մեկ ամիս անցկացրել է ոտնաթաթի բուժման հոգսերի, ծախսերի և մտահոգությունների մեջ: Նրան աշխատավայրում` «Ֆինինվեստ» բանկում առաջարկել են կամ ազատվել, կամ էլ` սեփական հաշվին արձակուրդ գնալ: Նա, իհարկե ընտրել է երկրորդ տարբերակը: Տուժողի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իր պաշտպանյալը 3-րդ կարգի օնկոլոգիական հաշմանդամ է, ունի անչափահաս երեխա, իսկ տարիքն էլ բավականին մեծ է:
Ընդհանուր առմամբ տուժողը պահանջում է «Մակդոնալդսից» 32 հազար ռուբլի նյութական փոխհատուցում, 15 հազար` հիվանդանոցային ծախսերի և 800 հազար` իրեն հասցված բարոյական վնասի համար:
Դատարանում «Մակդոնալդսի» ներկայացուցիչը, չժխտելով իր պատասխանատվության հանգամանքը, տուժած տիկնոջից պահանջել է կրած վնասն ու ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթեր: Նա պատրաստակամ է այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո տուժողին վճարել 20 հազար ռուբլի:
Սակայն հայցվորուհու ներկայացուցիչը հայտարարել է, որ` թեև իրենք հասկանում են իրենց դիրքորոշման թուլությունը, բայց պահանջում են «բարոյական վնասի 200 հազար ռուբլու» փոխհատուցում:
Առաջին նիստի ժամանակ դատավոր Սվետլանա Ֆեդյունինան կողմերին առաջարկել է գալ հարցի խաղաղ կարգավորման, սակայն հայցվորը հայտարարել է, որ «Մակդոնալդսի» առաջարկած 20 հազար ռուբլին իրեն չի բավարարում:
Դատական նիստը այս վիճակում հետաձգվել է` մինչև պատասխանողը կամբողջացնի իր անհամաձայնությունները, քանի որ մինչ այժմ նա այդ չի արել` հուսալով, որ «ի հայտ կգան վնասն ապացուցող փաստաթղթերը»: