Սևանում առաջադրվել են քաղաքապետի 10 թեկնածուներ

Օգոստոսի 24-ին ավարտվել է Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Գեղարքունիքի 92 համայնքներից 64-ում: Այդ թվում 5 քաղաքային համայնքներում` Գավառում, Ճամբարակում, Մարտունիում, Սևանում, Վարդենիսում նախատեսված են քաղաքապետերի ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են, որ Գավառում ինքնաառաջադրվել են քաղաքապետի 6 թեկնածուներ` անկուսակցականներ, գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանը, քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Մկրտիչ Զոլյանը, «Վլադ-Արմեն» ՍՊԸ տնօրեն Դիմիտրի Իսպիրյանը, ՀՅԴ անդամ Տիգրան Հակոբյանը և ՀՀԿ անդամ Գրիշա Հովեյանը:

 

Ճամբարակում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել են գործող քաղաքապետ, հանրապետական Յուրիկ Ավալյանը և ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ Սուրեն Հովհաննիսյանը:

Մարտունիում առաջադրվել է քաղաքապետի չորս թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Բագրատ Հարությունյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից` ՀԿԿ անդամ, քաղաքապետի տեղակալ Ռադիկ Հարությունյանը, ինքնաառաջադրվել են անկուսակցական Թաթուլ Ավետիսյանը և ՀՀԿ-ական Վարդան Բաղդասարյանը:

Սևանում առաջադրվել են քաղաքապետի 10 թեկնածուներ: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ Ռուդիկ Ղուկասյանը, ինքնաառաջադրվել են ՀՀԿ անդամներ, գործող քաղաքապետ Գևորգ Մալխասյանը, Ալեքսան Պողոսյանը և Աշոտ Ալեքսանյանը, անկուսակցականներ Արա Սմբատյանը, Ռաֆիկ Սմբատյանը, Նուշերվան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարդգես Քոչարյանը, Վիգեն Քոչարյանը:

Վարդենիսում առաջադրված են 5 թեկնածուներ` ՀՀԿ-ի կողմից գործող քաղաքապետ, հանրապետական Վալոդյա Խլոյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ Աշոտ Մարտիրոսյանը, ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Վիկտոր Մկրտչյանը, ՀՅԴ անդամ Կամո Պետրոսյանը և անկուսակցական Ադիբեկ Մելիքյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս