Եգիպտոսը Սիրիայի հարցով նոր նախաձեռնություն է ներկայացրել

Եգիպտոսը հանդես է գալիս տարածաշրջանում Սիրիայի հարցով խումբ ստեղծելու նախաձեռնությամբ, որով նախատեսվում է բանակցային սեղանի շուրջ հավաքել Եգիպտոսի, Սաուդիան Արաբիայի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ամր Ռուշդին:
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ» գործակալությունը, Եգիպտոսի նախաձեռնությունը նպատակ ունի դուրս բերել Սիրիան ճգնաժամից և ենթադրում է բանակցային սեղանի շուրջ հավաքել ինչպես Ասադի դաշնակիցներին, այնպես էլ պաշտոնական Դամասկոսի հակառակորդներին:

Ներկայացուցչի խոսքերով` Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմեդ Քամել Ամրը արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ: «Մենք այժմ ակտիվ բանակցություններ ենք վարում տարածաշրջանային «քառյակի» հետ` այս հարցի քննարկման հնարավորությունների մասին»,- ասել է Ռուշդին:
Սիրիայի խնդիրը դառնալու է նաև երեկ Թեհրանում մեկնարկած Չմիավորման շարժման գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը: Իրանի ԱԳՆ-ն նույնպես տեղեկացրել է, որ պատրաստվում է նոր նախագիծ ներկայացնել` սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված:
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին նույնպես օգոստոսի 30-ին կմեկնի Թեհրան` գագաթնաժողովին մասնակցելու: Սա վերջին երեք տասնամյակների ընթացքում Եգիպտոսի նախագահի առաջին այցը կլինի Իրան:

Տեսանյութեր

Լրահոս