
Սիրիայի փոխնախագահը փախուստի լուրերից հետո 1-ին անգամ երևացել է հանրությանը

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ Շարաան իր փախուստի և ընդդիմությանը միանալու խոսակցություններից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը. Տեղեկացնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով` լրագրողները տեսել են, թե ինչպես է ալ Շարաան իջնում մեքենայից և գնում իր գրասենյակ` հանդիպելու Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և ներքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալաէդդին Բուրուջերիի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Ֆարուք ալ Շարաան փախել է Հորդանան` միանալով ընդդիմությանը: Ապա հաղորդվել էր, որ Սիրիայի իշխանությունները փոխնախագահին տնային կալանքի տակ են պահում, որպեսզի չփախչի երկրից, ինչպես նախկին վարչապետը: