ԲՀԿ-ն չի հրավիրել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի երիտասարդներին
Ինչպես հայտնի է, օգոստոսի 22-27-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախաձեռնությամբ, «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո» Ծաղկաձորում կանցկացվի Առաջին եվրասիական երիտասարդական hամաժողովը: Ինչպես նշված է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում, 14 երկրներից ժամանած պատվիրակությունները հայաստանյան կողմի հետ կքննարկեն Եվրասիական միության ստեղծման գաղափարը, իսկ համաժողովի վերջում կստորագրվի հատուկ հայտարարություն:
Հետաքրքիր է` իսկ Հայաստանի քաղաքական ո՞ր ուժերի երիտասարդական թևերն են հրավիրված այդ միջոցառմանը: 168.am-ի այս հարցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Օրինակ, Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը և մի շարք այլ հասարակական կառույցներ»:
Ըստ Ուրիխանյանի, օրինակ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հրավիրված չէ: Իսկ մեր հարցին, թե Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական կառույցը հրավիրվա՞ծ է, նա պատասխանեց. «Ոչ, հավանաբար դա կապված է տվյալ կուսակցությունների արտահայտած դիրքորոշումների հետ»: Տ.Ուրիխանյանը շեշտեց, որ դա իր անձնական ենթադրությունն է, և այդ հարցին ավելի ստույգ կպատասխանի ԲՀԿ երիտասարդական թևի ղեկավար Վահե էնֆիաջյանը:
Տ. Ուրիխանյանից հետաքրքվեցինք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չե՞ն հրավիրել այդ միջոցառմանը, հաշվի առնելով, որ նախորդ տարի ԲՀԿ-ի կողմից կազմակերպված երիտասարդական հավաքին նրան հրավիրել էին, և նույնիսկ հույս էին հայտնում, որ Պուտինը կմասնակցի դրան: Ուրիխանյանն ասաց, որ ո’չ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված չեն:
«Դա երիտասարդական միջոցառում է, որը նախաձեռնել է ԲՀԿ-ի երիտասարդական միությունը, և այնպես չէ, որ այդ միջոցառումը Եվրասիական միության շրջանակներում է: Դա նախաձեռնություն է, որտեղ դեռ պիտի քննարկվի Եվրասիական միության գաղափարը, և շահագրգիռ կողմերն այն 14 երկրներն են, որոնք հետաքրքրված են այդ նախաձեռնությամբ: Այսինքն` դա նախագծի գաղափարի քննարկման երիտասարդական հարթակ է»,- ասաց ԲՀԿ մամլո խոսնակը: