104-ամյա Մովսես պապը նոր անձնագիր ստացավ
Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիանությունը:
Մովսես պապիկը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ. ծնվել է Արևմտյան Հայաստանում, այնուհետև ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան:
«Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, Ստալինյան տարիներին և Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը: Շնորհավորում ենք 104-ամյա Մովսես պապիկին նոր անձնագիր ստանալու առթիվ և մաղթում առողջություն»,- ասված է հաղորդագրության մեջ::