«Վարչապետն Արևմուտքի թելադրանքով է գործում»
Հայաստանի վարչապետի հարցը լուծվում է Ռուսաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Որքան տեղյակ եմ, մեր վարչապետը, ով շատ վատ գործեր է արել հայ ժողովրդի համար, և ես ընհանրապես համարում եմ` շատ վատ է, որ մենք ունենք այդպիսի վարչապետ, համենայնդեպս, ինքը հենց դեմ է Եվրասիական միությանը: Դրա համար ՌԴ-ն հարց է դրել, որ Սերժ Սարգսյանը փոխի վարչապետին»:
168.am-ը Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս համարում եք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարող էր սեփական նախաձեռնությամբ դեմ արտահայտվել Եվրասիական միության անդամակցությանը, ինչին ի պատասխան, նա ասաց. «Ոչ, ինքը արևմտյան մոտեցումն է ձևավորել դրանով: Արևմուտքն է դեմ Եվրասիական միությանը»:
Մեր հաջորդ հարցին էլ, թե իրո՞ք կարծում եք, որ վարչապետն Արևմուտքի թելադրանքո՞վ է գործում, և ՀՀ նախագահը կարող է տեղյակ չլինե՞լ դրա մասին, Տ. Կարապետյանը պատասխանեց. «Այո, Արևմուտքի թելադրանքով»: