Վտանգավոր խաղեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ օգոստոսի 8-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` կարևորելով Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, հայտարարեց, որ առաջիկա աշնանը նախատեսված է հայ և ռուս գործընկերների հանդիպումը, ու նրանց առջև խնդիր է դրված՝ մշակել տնտեսության ոլորտում մինչև 2020թ. հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ծրագիր, ստեղծել ճանապարհային քարտեզ: Ռուսական կողմը ժամանակ չի կորցնում և, երևի, Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո լծվել է այդ գործին:

Նախօրեին մոսկովյան «Կոմերսանտ» թերթը հրապարակել էր մի տեղեկություն, որի համաձայն, ռուսական խոշորագույն ընկերություններից մեկը` «Ռոսնեֆտը», ցանկանում է մուտք գործել Հայաստանի վառելիքի մանրածախ շուկա: ««Ռոսնեֆտը» ուսումնասիրում է Հայաստանի վառելիքի մանրածախ շուկա դուրս գալու հնարավորությունը»,- գրել է «Կոմերսանտը», որին այս գործընթացին ծանոթ աղբյուրներից մեկն ասել է, թե համապատասխան առաջարկություն ընկերությանն արել են երկրի իշխանությունները:

««Ռոսնեֆտը» կարող է դառնալ Հայաստան նավթամթերքի արտահանման հիմնական մատակարարը և տեղի ընկերություններից մեկի հետ կազմել համատեղ ձեռնարկություն, որն էլ, իր հերթին, կստեղծի 40-50 ավտոլիցքավորման կայաններ, ինչպես նաև՝ վառելիքի լիցքավորման համալիր Երևանի օդանավակայանում: Ինչպես կբաշխվեն համատեղ ձեռնարկությունում մասնաբաժինները` առայժմ հայտնի չէ: Ընկերությունը դեռ նոր է սկսել ուսումնասիրել առաջարկը»,- ասել է «Կոմերսանտի» աղբյուրը:

«Կոմերսանտը» գրել է, որ հայաստանյան շուկայում նավթամթերքի մատակարարումներով իրականում զբաղվում են երկու կառույցներ` «Միկա Լիմիթեդ» ՓԲԸ-ն, որը վերահսկում է գործարար Միխայիլ Բաղդասարովը, և «Ֆլեշ» ՓԲԸ-ն, որը պատկանում է իշխանական գործող վերնախավին մոտ կանգնած Բարսեղ Բեգլարյանին:

Թե ինչ շարունակություն կունենա այս պատմությունը, ի վերջո, «Ռոսնեֆտը» մուտք կգործի՞ Հայաստանի շուկա, թե՞ ոչ, այս պահին դժվար է ասել: Սակայն փաստն ինքնին մտածելու տեղիք է տալիս: Փաստորեն, Հայաստանի ռազմավարական գրեթե բոլոր օբյեկտները տիրապետելուց հետո, ռուսները մտածում են նաև մանրածախ շուկա մուտք գործելու մասին:

Ընդ որում, խոսքը կրկին ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքատեսակի մանրածախ շուկան, ըստ էության, վերցնելու մասին է:
«Ռոսնեֆտը», ինչպես և նավթագազային ոլորտի մնացած բոլոր խոշոր ընկերությունները, ռուսական իշխանությունների կողմից վերահսկվող կառույցներ են և հատկապես արտաքին շուկաների հետ կապված հարցերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այս տեղեկատվությունը տարածվեց հենց Պուտինի հայտարարությունից հետո:
Սպառողի տեսանկյունից, իհարկե, ըստ էության, տարբերություն չկա՝ մանրածախ բենզալցակայանները պատկանում են հայկական օլիգարխներ Բարսեղ Բեգլարյանին կամ Միխայիլ Բաղդասարովի՞ն, թե՞, ասենք, «Ռոսնեֆտին»:

Սակայն մի բան է, երբ բենզինի ու դիզելային վառելիքի օլիգոպոլ շուկայում գինը որոշում են տեղական օլիգարխները, բոլորովին այլ պարագա է, երբ այդ գինը որոշելու է ռուսական ինչ-որ կազմակերպություն` ամենայն հավանականությամբ, այդ երկրի իշխանությունների հետ «խորհրդակցելուց» հետո:

Ի վերջո, կարող է լինել նաև իրավիճակ, երբ այդ ընկերությունը որոշի ուղղակի բենզին չվաճառել հայ սպառողներին: Իհարկե, սրանք հիպոթետիկ վարկածներ են, այդ գործարքը, հնարավոր է` նաև չկայանա: Սակայն վտանգավոր է երևույթն ինքնին` երբ ռուսները սկսել են մտածել Հայաստանի նաև մանրածախ շուկա մուտք գործելու մասին:

Այսինքն` տեսականորեն, ռուսական ընկերությունները կարող են դառնալ Հայաստանում քիչ թե շատ եկամտաբեր բոլոր բիզնեսների սեփականատերը` ընդհուպ մինչև հացի արտադրություն ու մանրածախ վաճառք:

Ի դեպ, հայ-ռուսական հարաբերությունների մասին քննարկումներում հաճախ է հնչում հռետորական հարցը` «էլ ի՞նչ է մնացել Հայաստանում՝ ռուսներին տալու»: Մինչդեռ վերը նշված օրինակը, ավելի ճիշտ` այդ «մոդելը», վկայում է, որ ռուսները գործնականում կարող են ստանալ Հայաստանում մնացած ամեն ինչ: Այս սխեման, ի դեպ, որքան էլ նվաստացուցիչ է մեզ` հայերիս համար, միանգամայն տեղավորվում է Հայաստանի նկատմամբ ռուսական իշխանությունների քաղաքականության տրամաբանության մեջ:

Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը` ոչ առանց հետին մտքի, հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանից տարեկան 1 մլրդ դոլարի հասնող տրանսֆերտներ է ստանում: Պուտինի հայտարարության իմաստն այն էր, որ՝ դա «ձեր սիրուն աչքերի համար չի արվում»: Ռուսները մտածում են նաև այդ գումարները վերադարձնելու մասին: Եվ որևէ ապրանքատեսակի մանրածախ շուկայում ռուսական ընկերությունների ներկայությունը կարող է ծառայել այդ նպատակին:

Պատկերացրեք, Ռուսաստանում ապրող ձեր եղբայրը որոշակի գումար է ուղարկում, դուք այդ գումարով մինչև հիմա վճարում եք ռուսական գազի, ռուսական ընկերությունների կողմից տրամադրվող բջջային ծառայությունների, կրկին ռուսական կազմակերպության կողմից կառավարվող երկաթուղուց օգտվելու դիմաց: Ապագայում կարող եք վճարել նաև ռուսական ընկերության կողմից վաճառվող բենզինի դիմաց: Այսինքն` ձեզ Ռուսաստանից ուղարկված գումարը Հայաստանում գործող ռուսական ընկերությունների միջոցով վերադառնում է Ռուսաստան:

 

 

Տեսանյութեր

Լրահոս