Արցախում անհայտ հնություն են գտել
Արցախի «Կաշենի» հանքավայրի հարակից գոտում շինարարական աշխատանքներ իրականացնելիս շինարարները գետնի տակ անսովոր աղյուսակերտ շինություն են հայտնաբերել:
Նույնիսկ հնագետներն են զարմացել առաջին հայացքից անսովոր թվացող ստորգետնյա շինությամբ: Ինչպես գրում է Artsakhtoday.com-ը, այն ունի կլորավուն նախասրահ, որի մի մասում անգամ մոխրակույտեր են պահպանվել: Աղյուսակերտ շինության դիմաց 2-3 մետր երկարությամբ անցք է բացվում:
Նշված կառույցի վերաբերյալ «Տիգրանակերտի» արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը իր վարկածն է ներկայացրել: «Այն, որ քարաշեն, կիսաշրջան հնոցը դարերի պատմություն չունի, վկայում են համատարած մոխրակույտերն ու քարերի պահպանվածությունը: Այն հավանաբար 19-րդ դարի սկզբների կառույց է», – ասել է նա:
Մեկ այլ հնագետի` Ինես Կարապետյանի ենթադրությամբ, հնոցը կարող է լինել մեծ համալիր` իր անհայտ շարունակությամբ: Սակայն, չի բացառվում, որ այն բաղնիք է եղել:
Իսկ, ահա, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի բնակիչ 84-ամյա Շիրին պապը պատմել է , որ ժամանակին այդտեղ բնակվող ռուսները զբաղվել են աղյուսի արտադրությամբ: Ըստ նրա` հնարավոր է, որ շինությունը ծառայել է որպես ջրամատակարարման համակարգ:
Թե իրականում ինչ կառույց է եղել հայտանաբերվածը, պարզ կդառնա հնագետների վերջնական ուսումնասիրություններից հետո: Իսկ այդ տարածքում իրականցվող շինարարական աշխատանքերը առայժմ դադարեցվել են: