Բաժիններ՝

Քրդական հարցի սրացումներ` Facebook-ում

Համացանցում բուռն քննարկումներ են ընթանում դրսում ապրող ազգությամբ եզդի երկու աղջիկների և հայաստանաբնակ եզդիների միջև: Քննարկման պատճառը ազգությամբ եզդի, «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանի՝ համացանցում տարածած գրառումն էր: Տարածած նյութը վերաբերում էր եզդի և քուրդ ժողովուրդների տարբերությանը:

Ըստ այդ գրառման, եզդի ժողովուրդը ոչ մի պատմական արմատ չունի քուրդ ժողովրդի հետ: «Քրդերը միշտ էլ ձգտել են եզդիներին դավանափոխ անել ու այսօր էլ չեն հրաժարվել իրենց որդեգրած քաղաքականությունից: Այդ քաղաքականության վառ վկայությունը նաև այն է, որ այսօր շատ քրդեր հանդես են գալիս՝ որպես քուրդ-եզդիներ, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը:

Մարդն անկախ իր ծագումից, լինի եզդի թե այլ ազգից, ընկնելով քրդական հայացքների ազդեցության տակ ու դառնալով քուրդ, այլևս չի համարվում եզդի կամ այլ ազգի ներկայացուցիչ. նա համարվում է միմիայն քուրդ ու ոչ ավելին: Նույնիսկ փոքր երեխայի ուղեղում չի տեղավորվում այն հանգամանքը, թե ինչպես կարող է մարդը պատկանել երկու, իրարից տարբերվող ազգությունների` հանդես գալով և որպես քուրդ, և որպես եզդի»,- ասված էր գրառման մեջ: Այս տողերը, մեղմ ասած, զայրացրել էին ազգությամբ եզդի երկու աղջիկների, ովքեր անձնական վիրավորանքներ հասցնելով` փորձում էին Սաիդին և իր պես մտածողներին այլ բան ապացուցել:

Աղջիկներից Զինե Մամոյանն (Zine Mamoian)  ասում է. «Սաիդ Ավդալյան, դուք տգետ եք և վտանգավոր տգետ այն իսկ պարզ պատճառով, որ գիտեք քուրդ եզդիների պատմական և արմատական պատմությունը և խեղաթյուրում եք այն։ Ձեզ կխնդրվի այլևս եզդիների անունից չխոսել, քանզի դա ձեր սուտ, սեփական մտորումներն են: Խնդրվում է չաղավաղել պատմությունը. առաջադեմ երկրներում դա դատի գործ է։ Խնդրվում է նաև «Ժառանգություն» կուսակցությանը տպագրությունից առաջ տեղեկանալ պատմական ճշգրիտ տվյալներին և տեղի չտալ տգետ պառակտումներին՝ դա ոչ մի ապագա չունի»։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն օրերս անդրադարձել էր եզդիների՝ Իրաքում ցեղասպանության խնդրին: Այս անդրադարձից հետո եզդիներից շատերը համոզմունք արտահայտեցին, որ «Ժառանգությունն» այդպիսով պարզապես փորձում է առաջիկա ընտրությունների համար քվե ապահովել:

Այդպես էին մտածում նաև համացանցում քննարկում ծավալած և իրենց քուրդ-եզդի համարող աղջիկները: Մարինա Բիյադենտն, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցությանը, նշում է. «Ընտրություններն են մոտենում, և դուք ցանկանում եք սիրաշահել եզդի ընտրողներին: Բայց հավատացնում եմ ձեզ, Հայաստանում ազգությամբ եզդի գրանցված մարդկանց 80 տոկոսը իրենց համարում են ազգությամբ` քուրդ, կրոնական պատկանելությամբ` եզդի: Շրջեք Արագածոտն մարզի Արագածի շրջանի 12 գյուղերով: Մեկ-մեկ եզդի գրանցված բնակչությունից հարցրեք իրենց ազգային պատկանելության մասին և կհամոզվեք: Այնպես որ, իրականում ձեր` նման կողմնորոշումը և նմանատիպ հայտարարությունները «Ժառանգություն» կուսակցությանը զրկում են շաաատ ձայներից»:

168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանից, հասկանալու համար` ովքե՞ր են «ազգությամբ քուրդ, կրոնական պատկանելությամբ` եզդի ժողովուրդը»: Մեզ հետ զրույցում Սաիդն ասաց. «Չի կարող լինել այնպիսի մի անձնավորություն, ով պատկանի երկու իրարից տարբերվող ազգությունների»:

Ըստ Սաիդ Ավդալյանի` այսօր նպատակաուղղված քաղաքականություն է տարվում եզդիական համայնքի քրդացման ուղղությամբ: «Դա, իհարկե, արվում է ԱՄՆ-ի, Իսրայելի, Քուրդիստանի ղեկավարության և Հայաստանում քրդացած մի շարք անձնավորությունների կողմից: Այս քաղաքականությունն ունի ուղենշված նպատակներ: Բոլոր մեծագույն գիտնականների կողմից հաստատվում է այն միտքը, որ եզդիները համարվում են հնագույն ժողովուրդներից մեկը՝ հանդիսանալով Շումերների հետնորդները: Քրդերը հիմնականում քոչվոր կյանք վարող ժողովուրդներ են, ու հետևաբար, այդ ժողովուրդները չէին կարող ունենալ մշակույթ, պատմություն, և այլն: Սա նպատակ ունի եզդիներին քրդացնելու միջոցով՝ յուրացնել, գողանալ եզդիների դարավոր պատմությունը, յուրօրինակ մշակույթը, ավանդույթները՝ այդ ամենը վերագրելով քրդերին»,- ասաց Ս. Ավդալյանը: Նրա համոզմամբ` եզդիական համայնքին քրդացնելու քաղաքականությունն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, որոնք մոտ ապագայում կարող են վերածվել բացահայտ սպառնալիքի՝ ընդդեմ ՀՀ ազգային անվտանգության:

«Ըստ 2001թ. մարդահամարի պաշտոնական տվյալների`Հայաստանում կա 1500 քուրդ, հետևաբար, եթե ամբողջ եզդիական համայնքին քրդացնեն` կվերածվի 50-60.000 բնակչություն ունեցող համայնքի, և դա արդեն հիմք կհանդիսանա Հայաստանում քրդական հարցը բարձրացնելու համար: Չի կարելի մոռանալ այն հանգամանքի մասին, որ քրդերն իրենց երևակայական Քուրդիստան պետության կազմում ընդգրկում են Արմավիրը, Արագածոտնը ու Երևանի տարածքները»:

 

Լուսանկարում՝ քրդերն իրենց պատմական Քուրդիստան աշխարհի մեջ ներառում են նաև Հայաստանի մի մասը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս