«Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահին 9 տարի՝ 930 միլիոնի դիմաց
«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի սեպտեմբերի 3-ի դատական նիստում «Հայինկասացիա» ՓԲԸ-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով պաշտպանական ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:
Իսկ նախորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:
Ըստ գործի նյութերի, «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանն իր նախկին հարևան Ժորա Պապիկյանի անվամբ կազմավորել է «Արուսյակ» կոոպերատիվը՝ վերջինս ձևակերպվել է որպես կոոպերատիվի գլխավոր հաշվապահ և նախագահ, կոոպերտիվի կնիքը պահվել է Անահիտ Գրիգորյանի մոտ:
Մեղադրող կողմը ապացույցներով հաստատված է համարում, որ 2003-2009թթ. ընթացքում «Արուսյակ» կոոպերատիվը որևէ գործունեություն չի ծավալել, Անահիտ Գրիգորյանը կազմել և Ժորա Պապիկյանի միջոցով հարկային մարմիններին մշտապես ներկայացրել է զրոյական հաշվետվություններ:
Օգտվելով իր ղեկավարության կողմից իր նկատմամբ վստահությունից, Անահիտ Գրիգորյանը «Հայինկասացիա» ՓԲԸ-ի առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, 2003-2009թթ. ընթացքում պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա «Հայինկասացիա»-ի հաշվարկային հաշվից որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ «Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947 704 500 դրամ ընդհանուր գումար: Ընդ որում, վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Վիկտոր Գրիշյանի, իսկ 23-ը՝ նրա տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հաստատմանը, ովքեր առանց ուսումնասիրելու ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում, ըստ մեղադրանքի, Անահիտ Գրիգորյանը կեղծել է հիշյալ անձանց ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ա.Գրիգորյանի հանձնարարությամբ ևս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանը:
«Արուսյակ» կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու և յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը 2003-2009թթ. ընթացքում՝ կեղծելով նաև կոոպերատիվի նախագահ Ժորա Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնել է «Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանին, հաշվապահ գանձապահ Աղավնիկ Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Արմինե Գրիգորյանին, եղբորորդի Արմեն Գրիգորյանին և ամուսնուն՝ Սարգիս Դանիելյանին ու գործընկերուհի Լիլիկ Հակոբյանին, նրանց միջոցով կանխիկացրել և հափշտակել է ընդհանուր առմամբ 930 230 500 դրամ գումար: Ընդ որում, Անահիտ Գրիգորյանի հափշտակությանը օժանդակած Սաթենիկ Սարգսյանը առաջինին հանձնել է իր անվամբ կազմված 44 կտրոններով բանկից ստացված 257 613 000 դրամը /որից 25 550 000 դրամը՝ իր իսկ կեղծած 8 հանձնարարագրերի հիման վրա/, Աղավնիկ Խաչատրյանը՝ 123 կտրոններով ստացված 328 378 000 դրամը, Արմինե Գրիգորյանը՝ 72 կտրոններով ստացված 277 551 000 դրամը, Արմեն Գրիգորյանը՝ 9 կտրոններով ստացված 40 021 000 դրամը, իսկ Սարգիս Դանիելյանը՝ 3 կտրոններով ստացված 5 704 000 դրամը: Անահիտ Գրիգորյանի խնդրանքով 6 կտրոնների հիման վրա բանկից 9 980 000 դրամ գումար է ստացել և Անահիտ Գրիգորյանին է փոխանցել նաև Լիլիկ Հակոբյանը, ով իրազեկված չի եղել գումարի հափշտակության մասին:
Յուրացման փաստը քողարկելու նպատակով Անահիտ Գրիգորյանը գումարների ստացման մասին բանկային փաստաթղթերն ու վճարման հանձնարարագրերը պատշաճ հաշվապահական ձևակերպում չի տվել ու թաքցրել է:
Բացի այդ, 2008-2009թթ. հաշվապահ-գանձապահ Աղավնիկ Խաչատրյանը տարբեր գործարքների դիմաց դրամարկղային մուտքի օրդերներով կանխիկ գանձելով 7 349 100 դրամ, Անահիտ Գրիգորյանի պահանջով գումարը փաստացի չի մուտքագրել դրամարկղ ու հանձնել է Անահիտ Գրիգորյանին, այսինքն՝ օժանդակել է վերջինիս կողմից գումարի յուրացմանը:
2003-2009թթ. առանձանպես խոշոր չափի՝ 937 579 600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Անահիտ Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ ևս՝ փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպել է որպես «ԱԱՀ կանխավճարներ», այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների և հաշվապահական ձևակերպումների միջոցով ծախսագրել է, որի արդյունքում հափշտակության փաստերը տևական ժամանակ չեն բացահայտվել:
Մեղադրողը միջնորդել է Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Աղավնիկ Խաչատրյանին՝ պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ: