«Ամենաչհիշվող» վարչապետի պատասխանը «սպառված» Վարդան Ղուկասյանին
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել էր, թե Գյումրու գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառել է իր հնարավորությունները, այդ իսկ պատճառով ՀՀԿ-ն Գյումրու առաջիկա ընտրություններում չի առաջադրել նրա թեկնածությունը:
Այսօր, ի պատասխան Խոսրով Հարությունյանի վերոնշյալ հայտարարություններին, Գյումրու քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը: Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո ինչո՞ւ է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից»:
168.am-ի խնդրանքին՝ մեկնաբանել Գյումրու քաղաքապետարանի՝ իրեն ուղղված հաղորդագրությունը, Խ.Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե ինչ պատասխան է տրվել: Ինչի՞ ես երեկ ի՞նչ եմ ասել որ: Ես ընդամենը ասել եմ, որ Վարդան Ղուկասյանը սպառել է իրեն: Սակայն որևէ պատասխանի մասին տեղյակ չեմ: Ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Ես մի կարծիքին եմ, նրանք մի կարծիքի»:
Մեր այն հարցին էլ, թե որքանո՞վ եք համամիտ հաղորդագրության մեջ նշված այն պնդման հետ, թե՝ «2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով 46.126 ձայն: Այնպես որ՝ Խ.Հարությունյանը, լինելով ՀՀԿ համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաև Վարդան Ղուկասյանի ունեցած և առկա ռեսուրսների շնորհիվ», Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Թող իրենք մնան իրենց կարծիքին: Ինձ համար դա առանձնապես հետաքրքիր թեմա չէ»: