Կրթական քաղաքականությունը շարունակում է զանգվածային բախումների պատճառ լինել Չիլիում
Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է ուսանողական բողոքի ակցիայի 139 մասնակիցների: Ինչպես հաղորդում է BBC-ն, ձերբակալվածների մեծ մասը դեռահասներ են:
Հաղորդվում է, որ ուսանողները շրջափակել են մայրաքաղաք Սանտյագոյի դպրոցները, սակայն ոստիկանությունը ստիպել է նրանց լքել շենքերը: Հրամանը չկատարելուց հետո սկսվել են ձերբակալությունները:
BBC-ն նշում է, որ ձերբակալություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Ոստիկանությունն իր վրա քարեր նետող ցուցարարների դեմ կիրառել է ջրի շիթեր: Տեղի ոստիկանության պետ Վիկտոր Տապիան նշել է, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը անխուսափելի է եղել և արտոնված է եղել Սանտյագոյի քաղաքապետարանի կողմից:
Չիլիում կրթության ոլորտում պետական քաղաքականությունից դժգոհ ուսանողների ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս: Ցուցարարները պահանջում են որակյալ և անվճար համընդհանուր կրթություն: Ուսանողների ակցիաները հաճախակի ուղեկցվում են զանգվածային անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: