Չեխիայի 2 նախկին վարչապետերը կպայքարեն նախագահի պաշտոնի համար
Չեխիայի նախկին վարչապետ և SPOZ կուսակցության պատվավոր նախագահ Միլոշ Զեմանը հինգշաբթի պաշտոնապես սկսել է պայքարը Չեխիայի նախագահի պաշտոնի համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի մամուլը:
Չեխիայի նախագահի առաջին ուղղակի ընտրությունները տեղի կունենան 2013 թ. հունվարին: Զեմանը պաշտոնապես բացել է թեկնածուի իր գրասենյակը: Այն գտնվում է Պրագայի պատմական կենտրոնում՝ այն բնակարանում, որտեղ ապրել է Չեխոսլովակիայի առաջին նախագահ Թոմաշ Մասարիկի դուստրը՝ Ալիցիան:
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ ակտիվ քաղաքականություն, նախկին վարչապետը նշել է, որ ցանկանում է փոխել իրավիճակը երկրի քաղաքական դաշտում, որտեղ «քաղաքական գործիչներին աջ ու ձախ անվանում են գողեր կամ հիմարներ, իսկ որոշ դեպքերում՝ գողեր և հիմարներ միաժամանակ»:
Նախագահական մանդատի համար պայքարում Զեմանին պաշտպանել է իր նախկին քաղաքական հակառակորդը՝ երկրի գործող նախագահ Վացլավ Կլաուսը, որը երրորդ անգամ չի կարող առաջադրվել:
Զեմանը վարչապետ է եղել 1998-2002 թթ.: 2003 թ. մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել գործող նախագահին, որից հետո դուրս է եկել մեծ քաղաքականությունից:
Վերջին սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս կգան Զեմանը և դարձյալ նախկին վարչապետ Յան Ֆիշերը:
Նոր նախագահը կընտրվի համաժողովրդական քվեարկությամբ: Նախկինում նախագահն ընտրվում էր խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի արդյունքում: