Սեպտեմբերից Երևանում կգործի «Doit! Lab» հեքսփեյսը
Աշխարհում վաղուց արդեն տարածված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարածքներ՝ Հեքսփեյս (Hackerspace): Հեքսփեյսը հատուկ տարածք է, որտեղ անհատները կամ թիմերը կարող են աշխատել իրենց նախագծերի վրա: Նման տարածքները, որպես կանոն, անվճար կամ սիմվոլիկ գումար արժեն, ապահովված են ինտերնետով, համակարգիչներով և աշխատանքի համար համապատասխան կահավորանքով:
Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի կեսերից, «Doit! Lab» անունով հեքսփեյսը կգործի նաև Երևանում: Սկզբում տարածքը կունենա սահմանափակ թվով հնարավորություններ, սակայն դրանք հետագայում կընդլայնվեն:
168.am-ի թղթակցի հետ զրույցում երևանյան Հեքսփեյսի հեղինակ Վարդան Գրիգորյանն ասաց, որ իրենք այդ տարածքը կտամադրեն բոլոր այն մարդկանց ու խմբերին, ովքեր ունեն հիանալի գաղափարներ, սակայն տարածք վարձակալելու հնարավորություն չունեն: «Հեքսփեյսը ՏՏ ոլորտի մարդկանց նոր նախագծեր քննարկելու և դրանք մշակելու հնարավորություն կտա: Տարածքի այցելուները կկարողանան այստեղ ոչ միայն աշխատել իրենց նախագծերի վրա, այլ նաև շնորհանդեսներ անցկացնել»,- ասաց Վ. Գրիգորյանը: Տարածք կկարողանան այցելել սահմանափակ թվով մարդիկ, ովքեր նախապես կգրանցվեն և հատուկ քարտ կունենան, իսկ այցելել ցանկացողների թվից կախված՝ պարզ կդառնա նաև վարձակալվող տարածքի չափը: Ըստ հեղինակի՝ Հեքսփեյսի ծրագիրը դեռևս մշակման փուլում է:
«Տարածքը սկզբում կգործի սիմվոլիկ գումարով և բաժանորդագրությամբ, քանի որ, եթե այն անվճար անենք, ապա շատ մարդիկ ցանկություն կունենան գալ այդտեղ, սակայն մենք հովանավորներ չունենք»,- ասաց Վ. Գրիգորյանը: Նրա խոսքով՝ «Doit! Lab» հեքսփեյսում կգործի նաև սրճարան, որից ստացված գումարը կօգնի Հեքսփեյս տարածքի վարձակալմանը:
Նշենք, որ Հեքսփեյս տարածք գործում է եվրոպական մի շարք երկրներում, այնտեղ յուրաքանչյուր երկիր ունի մի քանի նման տարածքներ: Վ. Գրիգորյանի խոսքով՝ Հեքսփեյս գործում է նաև Թուրքիայում:
Տեղեկացնենք, որ Հեքսփեյսում գրանցվելու համար անհրաժեշտ կլինի գրանցվել «Doit! Lab»-ի կայքում: