«Ի՞նչ եք ասում: Այսինքն` Թալինի քաղաքապետը տենց գին ունի, հա՞»
Գյումրիի քաղաքապետի ընտրությունները համագործակցության լուրջ հնարավորություն է իշխող Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե այդ համագործակցությունն ի՞նչ հետևանքներ կունենա համապետական ընտրությունների, առաջին հերթին` առաջիկա նախագահական ընտրությունների վրա, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի հետևանք չի ունենա: Եթե կարծում եք, որ այդ ընտրությունները կարող են լուրջ ցուցիչ լինել համապետական ընտրությունների համար, ապա ես կասեմ` ոչ, այդպես չէ: Ի դեպ, նախագահական ընտրությունների վերաբերյալ. կապրենք` կտեսնենք: Ես խորապես համոզված եմ, որ Գյումրիում ՀՀ գործող նախագահը հաղթելու է»:
Իսկ 168.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք վերջերս Թալինում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին, որտեղ տեղի ունեցած ընտրախախտումների մասին նշել են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Ես հանրապետությունում չեմ եղել, օրեր առաջ եմ վերադարձել: Ընդամենը կարող եմ ասել` եթե խախտումներ կան, պետք է օրենքով սահմանված կարգով դրանց հետամուտ լինել»:
Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե նա ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ, ըստ որոշ վկայությունների, Թալինում բաժանվող ընտրակաշառքի չափը նույնիսկ հասել է 30-35 հազար դրամի, Խոսրով Հարությունյանը զարմացած հարցրեց. «Ի՞նչ եք ասում: Այսինքն` Թալինի քաղաքապետը տենց գին ունի, հա՞»:
Հիշեցնենք, որ Թալինում օգոստոսի 5-ին կայացած քաղաքապետի ընտրություններին հաղթել է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը: Իսկ այդ ընտրություններում տեղի ունեցած ընտրախախտումների մասին վկայել են մի քանի քաղաքական գործիչներ: Օրինակ` 168.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով այդ ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ, ասել է. «Թալինում նորից մենք բախվեցինք թանաքի խնդրին. լրատվամիջոցների տեսախցիկներից մեկն արձանագրեց, թե ինչպես ուղիղ երկու րոպեի ընթացքում ցնդեց թանաքը: Ընդ որում, մի տեղում հաջողվեց արձանագրել այս փաստը, մյուս տեղում` այն տեղամասում, որտեղ ես վստահված անձի կարգավիճակում փորձում էի հսկել ձայների հաշվարկի գործընթացը, որպես վերադաս հանձնաժողովի ներկայացուցիչ՝ մասնակցում էր, ոչ ավել, ոչ պակաս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղարը, ով ամեն կերպ խոչընդոտում էր, որպեսզի հանձնաժողովի նախագահն արձանագրեր թանաքի ցնդման հանգամանքը»:
Իսկ Թալինում ընտրակաշառքի բաժանման մասին 168.am-ին տված հարցազրույցում խոսել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը: «Այդ ընտրությունների ժամանակ, ականատեսների վկայությամբ, ընտրակաշառքի չափը հասել է 25, 30, 35 հազարի, Անապատում չենք ապրում. մարդիկ տեսել ու ասում են: Թալինում խախտումների մասին խոսում էին ոչ միայն ընդդիմադիրները: Նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են. «Թալին քաղաքն ամենաանբարեկարգ և ծանր վիճակում է, լավ, ասենք` այս անգամ էլ ինչ-որ մեկին դարձրեցինք համայնքապետ, սրանից ի՞նչ կփոխվի»,- ասել էր Աղվան Վարդանյանը: