«ԿԸՀ քարտուղարը խոչընդոտել է ընտրատեղամասում խախտումն արձանագրելուն»
«Ես երեկ ամբողջ օրը` մինչ առավոտ, անցկացրել եմ Թալինի ընտրական տեղամասերից մեկում և կուզենայի նշել, որ ոստիկանության ներկայացուցիչները, այսպես ասեմ, ընտրությունների գործընթացի ժամանակ, ոչ թե վերջում` ձայների վերահաշվարկի ժամանակ, իրենց պարտականությունները կատարել են բավականին պատշաճ: Սակայն ընտրությունների գործընթացի ժամանակ մասնավորապես այդ տեղամասում, որտեղ ես էի, որոշ դեպքերում զարմացրեց ոստիկանության ներկայացուցիչների պասիվությունը, երբ անհրաժեշտություն էր լինում կարգ հաստատելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ ոստիկանության կենտրոնական ապարատում համակարգող խումբ ստեղծելու ՀՀ ոստիկանության նոր նախաձեռնության մասին հարցին:
«Չեմ ասի, թե ինչ-որ արտառոց, լուրջ բախումներ կամ խախտումներ են եղել, բայց, այդուհանդերձ, երբ լինում են իրարանցումներ կամ ինչ-ինչ բազմակողմանի, ոչ միանշանակ մտահոգությունների տեղիք առաջացնող իրադարձություններ, ոստիկանության ներկայացուցիչները ոչ միշտ են արագ կողմնորոշվում և արձագանքում: Կուզենայի, որ եթե կա այդպիսի նախաձեռնություն, ոստիկանները հավուր պատշաճի իրականացնեին իրենց պարտականությունները և, որ շատ կարևոր է, առանց որևէ կողմնապահության, ինչը երբեմն տարբեր ընտրական պրոցեսների ժամանակ, տարբեր առիթներով նկատվում է»,- ասաց նա:
Ւսկ մեր հարցին, թե Տ.Ուրիխանյանը համամի՞տ է իր կուսակից Նաիրա Զոհրաբյանի գնահատականի հետ, թե Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, նա պատասխանեց. «Գիտեք ինձ ապշեցրեց այն հանգամանքը, որ Թալինում նորից մենք բախվեցինք թանաքի խնդրին. լրատվամիջոցների տեսախցիկներից մեկն արձանագրեց, թե ինչպես ուղիղ երկու րոպեի ընթացքում ցնդեց թանաքը: Ընդ որում, մի տեղում հաջողվեց արձանագրել այս փաստը, մյուս տեղում` այն տեղամասում, որտեղ ես վստահված անձի կարգավիճակում փորձում էի հսկել ձայների հաշվարկի գործընթացը, որպես վերադաս հանձնաժողովի ներկայացուցիչ մասնակցում էր ոչ ավել, ոչ պակաս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղարը, ով ամեն կերպ խոչընդոտում էր, որպեսզի հանձնաժողովի նախագահն արձանագրեր թանաքի ցնդման հանգամանքը: Ուրեմն՝ սա ի՞նչ է նշանակում` նորից հարկավոր է ԿԸՀ-ին նվե՞ր մատուցել չցնդող թանաքի տեսքով: Իսկ մնացած դեպքերը դեռ վերլուծելու կարիք ունեն` հասկանալու համար, թե ինչո՞ւ են կրկնվում տարրական խնդիրները, որոնց մասին խոսվեց ամբողջ աշխարհով մեկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Իսկ հնարավոր այլ տեսակի խախտումների, մասնավորապես ընտրակաշառքի բաժանման հնարավորության մասին ԲՀԿ խոսնակն ասաց. «Իհարկե, ընտրակաշառքն այնպես չեն բաժանում, որպեսզի նկատելի լինի, բայց ես նկատել եմ բազմաթիվ գործողություններ, որոնց կարող են ենթադրաբար հետևել ընտրողների ոչ ինքնուրույն կողմնորոշվելը կամ գործելը»:
Իսկ երբ ԲՀԿ խոսնակին հարցրինք, թե՝ ըստ նրա, ոստիկանության նոր նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է ընտրությունների ժամանակ կարգուկանոն հաստատելո՞ւն, թե՞ ընտրությունների ընթացքն է’լ ավելի վերահսկելի դարձնելուն և իշխանությունների համար ցանկալի արդյունքներ ապահովելուն, Տ.Ուրիխանյանը պատասխանեց. «Շատ ճիշտ հարց շարադրեցիք: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այդ նախաձեռնությունն, այնուամենայնիվ, ուղղված կլինի կարգուկանոն հաստատելուն: Ուզում եմ հավատալ դրան»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ»: