Հայ-գերմանական համագործակցության նոր ասպարեզ առողջապահության ոլորտում
Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկան այսօր ստորագրեցին առողջապահության բնագավառում փոխադարձ հարգանքի, հավասարության եւ փոխշահավետության սկզբունքների հիման վրա երկկողմ համագործակցություն ծավալելու համատեղ հայտարարություն։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստորագրված փաստաթղթով համագործակցություն կծավալվի ինչպես առողջապահության եւ բժշկական ապահովագրության համակարգերի, հանրային առողջապահություն զարգացման, առողջապահության օրենսդրության կատարելագործման, այնպես էլ ոլորտի առանձին ճյուղերի զարգացման ուղղությամբ։
Դերենիկ Դումանյանը, բարձր գնահատելով մինչ այժմ երկու երկրի միջեւ համագործակցությունն առողջապահության ոլորտում, առանձնակի կարեւորեց 2003 թվականից Գերմանիայի կառավարության դրամաշնորհով Հայաստանում հաջողությամբ իրականացված տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիրը, որը դրական մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում տուբերկուլոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման գործում։
«Հայտարարությունը Գերմանիայի եւ Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցության նոր էջ է բացում եւ փոխգործակցության լայն ուղիներ նախատեսում։ Վստահ եմ, որ բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի արդյունքում ապագայում մեծ հաջողություններ կարձանագրենք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության առողջապահության նախարարության պետքարտուղար Թոմաս Իլկան նշեց, որ թեեւ առողջապահության բնագավառում երկու երկրները վաղուց են համագործակցում, սակայն այսօր այն նախարարությունների մակարդակով ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել։
«Փաստաթուղթն, իրոք, համագործակցության բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն միջկառավարական մակարդակում, այլեւ առանձին կլինիկաների միջեւ։ Ակնկալում եմ ակտիվ համագործակցություն՝ ի շահ մեր երկրների ազգաբնակչության որակյալ բուժսպասարկման»,-ասաց Թոմաս Իլկան։
Դերենիկ Դումանյանն առանձնակի կարեւորեց գերմանացի գործընկերների աջակցությունն առաջիկա 1-2 տարում մեր երկրում ժամանակակից ուռուցքաբանության, ինչպես նաեւ մանկական օնկոհեմատոլոգիական կենտրոնների ստեղծման գործում։ Նա նշեց, որ հայկական կողմը լուրջ ակնկալիքներ ունի նաեւ մասնագետների վերապատրաստման, դասախոսների փորձի փոխանակման, բժշկագիտության զարգացման ոլորտում համատեղ ուսումնասիրությունների առումով։
Նախարար Դումանյանն առաջարկեց նշանակել պատասխանատուներ, ովքեր ուղղակի կապեր կապահովեն ինչպես նախարարությունների, այնպես էլ առանձին բուժհաստատությունների միջեւ։
Նշենք, որ հայ-գերմանական համագործակցության արդյունքում Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր, հիմնվել են կենտրոններ, մասնավորապես` հայ-գերմանական «MIM» բժշկական կենտրոնը, «Արեգնազան» կրթահամալիրը, Երեւանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական կլինիկայի քիմիաթերապիայի բաժանմունքը: Սերտ համագործակցություն է իրականացվում «ԱՐԲԵՍ» առողջության կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի հետ: