
Իրանում սեյսմիկ ակտիվությունը մարում է. ՍՊԱԾ

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասուլիսով հանդես է եկել ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը։ Ասուլիսի թեման էր տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա։
Բանախոսը ներկայացրեց մեր հարևան երկրներում (Թուրքիա, Ադրբեջան, Իրան) վերջին շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերը` առավել հանգամալից անդրադառնալով օգոստոսի 11-ին Իրանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժին։ Զոհերի թիվն անցել է 300-ը, կա 3000 վիրավոր, վնասվել է 80 բնակավայր, որոնցից մոտ քսանն ամբողջովին ավերված է:
– Իրանի երկրաշարժին հետեւել է շուրջ 80 հետցնցում, որոնցից 30-ը զգացվել են նաև Հայաստանում: Երեք ցնցում 5 եւ ավելի բալ ուժգնություն են ունեցել, վերջինը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Այս պահի դրությամբ մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ գործ ունենք մարման պրոցեսի հետ, այսինքն` ավելի ուժեղ երկրաշարժ սպասելի չէ,- ասաց Ա. Թովմասյանը,- մեր երկիրը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և մենք մենք միշտ պետք է պատրաստ լինենք դրան:
ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալը նաեւ հիշեցրեց երկրաշարժի դեպքում անվտանգության կանոնները։
Չի կարելի շենքերում կատարել կամայական փոփոխություններ, քանի որ դրանք նվազեցնում են շինության սեյսմակայունությունը:
Երկրաշարժի ընթացքում շենքից դուրս գալը փրկության կես ճանապարհն է. անհրաժեշտ է հեռանալ բաց տարածք:
Կարեւոր է ընտանիքի անդամների հետ նախապես պայմանավորվել, թե երկրաշարժի դեպքում որտեղ են հանդիպելու:
Օգտվելով առիթից` Ա. Թովմասյանը ևս մեկ անգամ կոչ արեց չլսել ստահոդ լուրեր տարածողների՝ որոշակի օր և ժամի սպասվելիք երկրաշարժերի վերաբերյալ` խորհուրդ տալով իրազեկ լինել անվտանգության վարքականոններին ու հետևել ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին։