Կիրո Մանոյան. Արման Բաբաջանյանի մոտեցումները սուբյեկտիվ են

«Ժամանակ» օրաթերթի և «1-in.am»-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով մի քանի օր առաջ է վերադարձել Սիրիայից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարագրել է Սիրիայում հայ համայնքի վիճակը:

«Համայնքը տագնապի, վախի մեջ է: Ընդհանուր տեսակետ կա, որ համայնքը լքողները դավաճան են: Դա է պատճառը, որ շատերը վախենում են այստեղ տեսախցիկի առջև խոսել: Ավելին` այնտեղ մարդիկ կարծում են, որ հայաստանցիները չեն ցանկանում, որ իրենք գան Հայաստան»,- ասել է նա:

Ա.Բաբաջանյանի խոսքերով` շատ սիրիահայեր զրույցների ընթացքում ասել են, թե սիրիահայերի շրջանում տեղեկություններ են տարածում, թե իբր Հայաստանում ցույցեր են եղել, որպեսզի սիրիահայերը չգան Հայաստան:

«Բնականաբար, այս հիվանդագին մոտեցումը սիրիահայ համայնքին ներարկել են ազգայնական ուժերը: Սակայն մսակեր ու քրտնահոտ ուժերը չեն բավարարվել պատերազմական գոտում ապրող մարդկանց տեռորի ենթարկելով, և համայնքի «վերահսկումը» լիարժեք դարձնելու համար նաև ապատեղեկատվություն են տարածել, թե հայաստանցիներն այս ողջ ընթացքում զբաղված են սիրիահայերի` Հայաստան վերադարձի դեմ պիկետների կազմակերպմամբ: Տպավորություն է, որ «ազգային» կոչվող համայնքի պատասխանատուները պատանդ են պահում սիրիահայությանը` թույլ չտալով, որ նրանք գնան բանական որոշումների ճանապարհով»,- ասել է նա:

«Ազգայնական ուժեր» ասելով, կարելի է ենթադրել, որ Ա. Բաբաջանյանը նկատի է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, որը սիրիահայ համայնքի ամենաակտիվ ուժերից է:

Այս տեսակետի վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեցինք ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից:

«Արման Բաբաջանյանը հակասական բաներ է ասում` օրինակ, ասելով, որ հասարակությունը Հալեպում տեղեկություններ ընդհանրապես ստանում է համայնքային կենտրոններից` եկեղեցիներից, այսպես կոչված, ազգայնականներից, մյուս կողմից էլ՝ ասում է, որ Հայաստան եկողները չեն ցանկանում հարցազրույց տալ, քանի որ այնտեղ արդեն դավաճան են հռչակվում: Հակասությունն այն է, որ եթե ստանում են հայաստանյան աղբյուրներից որևէ տեղեկություն, մնացածը ի՞նչ է ուրեմն, այսինքն, որ ստանում են միայն կենտրոններից և համայնքային կառույցներից: Այն, որ կա տեղեկություն ստանալու դժվարություն, փաստ է: Նայել եմ նաև այդ 5 րոպեանոց վիդեոռեպորտաժը, որտեղ մեկ հոգի այդ սխալ պատկերացումը կամ տեղեկությունն է փոխանցում, բայց ինքն ընդհանրացնում է՝ առանց հիմնավորելու, թե դա որտեղից է: Եվ իր մոտեցումների կամ գնահատումների մեջ արդեն պարզ է, թե ինքն ինչ տեսակետ ունի: Օրինակ` վիդեոյի մեջ առանց որակումների ասում է, որ ընդհանրապես համայնքը Դաշնակցության համակիր է, իսկ այօրվա ասուլիսում, ըստ երևույթին, ասել է` «մսակեր», «քրտնահոտ», և այլն: Այսինքն` իր այդ մոտեցումն արդեն արտացոլում է իր իրական զգացումներն այն քաղաքական ուժի նկատմամբ, որի մասին մի քիչ ավելի առարկայական էր խոսում վիդեոյում: Եվ իր այս մոտեցումները, պարզ է, որ ավելի շատ իր ենթակայական, սուբյեկտիվ մոտեցումներով են շղարշված, քան իսկապես իրականությունն են ներկայացնում: Ես չգիտեմ՝ ինքը եղե՞լ է քաղաքացիական կռիվների պայմաններում, բայց ես եղել եմ: Եվ, որ տեղեկությունները կարող են սխալ լինել, պարզ է, բայց քիչ է մնում ուղղակի մեղադրի,  որ ամբողջ համայնքն ուղղակի ահաբեկված է հենց համայնքի կողմից: Ուրեմն, իր մոտեցումներն այնքան սուբյեկտիվ են, որ թեկուզ մեկ շաբաթով այցելուի համար, ով, ըստ երևույթին, տեղյակ էլ չէ սփյուռքից և հատկապես՝ Սիրիայի համայնքից, բավական ենթակայական մոտեցումներ կան, որը նա փորձում է ներկայացնել` հիմնավորելու համար իր տեսակետները»,- ասաց Կիրո Մանոյանը:

 


 

 

Տեսանյութեր

Լրահոս