Նալբանդյանը այցով Ֆիլիպիններում է

Օգոստոսի 15-ին մեկնարկել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ֆիլիպինների Հանրապետություն, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԳ նախարարի այցելությունն սկսվել է Ֆիլիպինների Ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին է հանձնել քաղաքի խորհրդանշական բանալին:

Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորել է դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցել է Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, և ընդգծել, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է և որ Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում դրա վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմել է երկրում իրականացված քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արդյունքների և այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:

Արտգործնախարար Նալբանդյանը նախագահ Աքինոյին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նույն օրն ավելի վաղ կայացել էր Էդվարդ Նալբանդյանի և Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերի, ասիական, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:

Քննարկվել են ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը տեղեկացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Հայաստանի և Ֆիլիպինների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես՝ մերձավորարևելյան իրադարձություններին:

Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան պատասխան այց կատարելու հրավերը:

Տեսանյութեր

Լրահոս