
Արաբկիրում բացվեց Վահագն Դավթյանի հուշատախտակը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և Երևանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հասցեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, ծագումով Արաբկիր քաղաքից (Արևմտյան Հայաստան)` Վահագն Դավթյանի հուշատախտակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 1932 թվականին հայրենադարձվելով՝ բանաստեղծը Երևանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը գրողների և մտավորականների անունից շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` ընդգծելով, որ ներկայում քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը կարևոր է սերունդների դաստիրակության և ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:
Ներկաները այցելել են նաև Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի և ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին: