ԱԱԾ-ն առաջարկել է Հայաստանում բոլոր ապաստան հայցողների տվյալները ներկայացնել իրեն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ`այդ նպատակով մշակված օրինագծով նախատեսվում է լրացուցիչ ամրագրել, որ ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե, ԱԱԾ-ի եզրակացության համաձայն, ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար:
Առաջարկվում է նաև, որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինը պարտադիր դիմի ԱԱԾ-ին` Հայաստանում ապաստան հայցողների` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով:
Գործող օրենքի համաձայն, ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը` ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, ոչ բոլոր, այլ միայն անհրաժեշտության դեպքերում է դիմում ԱԱԾ` ապաստան հայցողի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար:
Բացի այդ, ԱԱԾ-ի տված համապատասխան եզրակացությունն ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք չէ: Ըստ ԱԱԾ-ի, դա հնարավորություն է ընձեռում միգրացիոն պետական ծառայությանը, անգամ համապատասխան եզրակացության առկայության դեպքում, կայացնել դրական որոշում:
Հիշյալ օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկված է կառավարության օգոստոսի 16-ի նիստում: Այն կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս