
Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին հորդորում է հրաժարվել միջուկային զենքի մշակումից

Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է սկսի բարեփոխումներ իրականացնել:
«Փխենյանը գտնվում է այնպիսի վիճակում, երբ պետք է սթափ գնահատել գործերի իրական դասավորությունը և ուսումնասիրել բարեփոխումներ անցկացնելու հնարավորությունը»,- հայտարարարել է նախագահը ճապոնական գերիշխանությունից երկրի ազատագրման օրվա կապակցությամբ իր հեռուստաուղերձում: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, նա նշել է, որ իրենք «ուշիուշով կհետևեն հնարավոր փոփոխություններին»:
Լի Մեն Բակը նաև կոչ է արել Հյուսիսային Կորեային իրականացնել ՄԱԿ-ի բանաձևերը, որոնց համաձայն՝ երկիրը պետք է հրաժարվի միջուկային զենքի հետագա մշակումից:
Հիշեցնենք. ապրիլի վերջին Լի Մեն Բակը հայտարարել էր, որ Կորեայի Հանրապետությունը չի հանդուրժի ոչ մի սադրանք Հյուսիսային Կորեայի կողմից և կոշտ պատասխան կտա դրանց: