Էկվադորի նախագահը չի հաստատել Ասանժին ապաստան տալու լուրերը

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան չի հաստատել տեղեկությունները, թե Wikileaks-ի հիմնադիր Ասանժին ապաստան տալու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել:

Ավելի վաղ արևմտյան որոշ լրատվամիջոցներ նման տեղեկություն էին տարածել:

«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Որևէ որոշում այդ հարցի վերաբերյալ դեռևս չի ընդունվել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էկվադորի նախագահը:

Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին ապաստան տրամադրելու մասին որոշումը կկայացվի միայն Օլիմպիական խաղերի ավարտից հետո:

Մոտ 2 ամիս առաջ Ասանժը դիմել էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատուն` փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու մեջ:

Տեսանյութեր

Լրահոս