Եզդիները դեմ են բարեկամների միջև ամուսնություններին
Ժողովուրդների կենցաղում եղած ավանդույթները ժամանակի հետ կորցնում են իրենց նշանակությունը, չեն պահպանվում: Եզդի ժողովրդի տեսանկյունից այսօր հնացած ավանդույթների և սրբապղծությունների շարքին են դասվել միմյանց միջև` բարեկամական ամուսնությունները: Ավանդույթի համաձայն` եզդի երիտասարդներին թույլատրվում էր ամուսնանալ, օրինակ, իրենց մորաքրոջ տղայի կամ աղջկա հետ: Մայրական կողմը, որպես գենի շարունակություն, չի համարվում, ուստի հնում, որոշ դեպքերում՝ նաև այսօր, նման ամուսնությունները սրբապղծություն չեն համարվում:
Երիտասարդ եզդի, «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին համացանցում տեղադրել է ՀՀ սահմանադրության 11-րդ հոդվածը, որը սահմանում է ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները: Այդ օրենքով արգելվում են ազգակցական կապ ունեցող անձանց ամուսնությունները:
Այն հարցին, թե ինչո՞ւ են նույն ցեղի եզդի երիտասարդները միմյանց հետ ամուսնանում, եզդի ժողովրդի ներկայացուցիչները սովորաբար պատասխանում էին, որ այդ երևույթը ազգապահպան նշանակություն ունի, քանի որ տեղի բնակչությանը ձուլվելու վտանգը մեծ է:
Բորիս Մուրազիի հետ զրուցեցինք այն մասին, թե ինչո՞ւ եզդի երիտասարդությունն այլևս չի ընդունում բարեկամական ամուսնությունները, արդյոք վերացե՞լ է տեղի բնակչությանը ձուլվելու խնդիրը: Եվ ինչո՞ւ էր հնում թույլատրվում մայրական կողմի զավակների հետ ամուսնությունը, իսկ այսօր չի թույլատրվում:
«Չեմ կարող ասել, որ մայրական կողմի հետ ամուսնությունները թույլատրելի էին, քանի որ մեր կրոնական ոչ մի ասույթում, աղոթքում, Ղավլերում ամուսնության նման ձևի թույլտվություն չկա: Իսկ մենք գիտենք, որ ցանկացած եզդու ապրելաձևը արտացոլված է այդ Ղավլերում: Սակայն մեր պատմական բնօրրան Իրաքից դուրս մայրականն կողմի հետ ամուսնություններ եղել են, քանի որ եզդիական կրոնը թույլ չի տալիս ամուսնություն այլադավանների, անգամ եզդիական կաստաների միջև: Ուստի, որոշ դեպքերում, ստիպված եղել են նման ամուսնություններ, որպեսզի տոհմը, ազգը շարունակվի»,-պատասխանեց Բ. Մուրազին:
Կաստաները եզդիական համանքների մեջ եղած առանձին խմբավորումներն են, որոնք իրենց հերթին՝ բաժանվում են 3 մեծ խմբերի՝ շեյխեր, փիրեր, մրիդներ: Ըստ եզդիական ավանդույթի, այդ երեք կաստաները ևս բաժանվում էին համապատասխան խմբերի, որոնց միջև ամուսնությունները նույնպես արգելվում են: Ուստի տոհմը, ընտանիքը, ի հավատարմություն իր կաստային` հարսնացու կամ փեսացու էր ընտրում հենց իր կաստայից, տվյալ դեպքում` մորաքրոջ ընտանիքից:
Մեր կատարած լրագրողական փոքրիկ հարցման ընթացքում պարզվեց, որ այս ավանդույթը ներկայիս եզդի հասարակությունը չի ընդունում: Ավելին, նրանք դա սրբապղծություն են համարում՝ ասելով, որ եղբոր կամ քրոջ հետ չի կարելի է ամուսնանալ: Այնինչ, հնում այս երևույթը սովորական բնույթ էր կրում: Ինչպես եզդիներն են ներկայացնում`ընտանիքը քաջատեղյակ էր, թե ի՞նչ աղջիկ է հարս գալու, տեղյակ էր նրա բարոյական կերպարին:
Նման ամուսնությունների անթույլատրելիության մասին խոսում են թե՛ եզդի երիտասարդները, թե՛ տարիքով հասուն մարդիկ, առաջնորդները:
Համայն աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նման ամուսնությունները սրբապղծություն է համարում: Ավելին, այսօրվա եզդի երիտասարդությունը մերժում է նման ամուսնությունները. «Երիտասարդներն իրենք են ասում, թե ինչպե՞ս կարող են ամուսնանալ իրենց քրոջ կամ եղբոր հետ»,- ասում է Թամոյանը:
Բորիս Մուրազին այսօր գրանցվող նման ամուսնությունների մեջ մեղադրում է նաև ՀՀ օրենքը կիրառողներին: Ըստ Մուրազիի, բոլոր օրենք կիրառողները պետք է հասկական, թե ի՞նչ և ինչպե՞ս են կիրառում:
«Եթե պետական մարմինները հետևեն ամուսնական օրենքին, նրանք նաև պետք է թույլ տան, որ եզդի պատանիները մինչև վերջ կրթություն ստանան: Եթե նման բան լինի, ապա միանշանակ դրական արդյունքներ կունենանք: Պետք է տեսնել՝ դիմացինն ի՞նչ է պահանջում, արդյոք ինքն այդ պահանջով չի՞ վնասում ինչ-որ մեկի, կամ ինչ-որ բանի»: Բորիս Մուրազիի համոզմամբ, քաղաքացիական ամուսնություն գրանցողները ևս մեղավոր են եզդիների բարեկամական ամուսնությունների մեջ:
Ըստ Մուրազիի, օրենքը չի թույլատրում բարեկամական ամուսնությունները, ուստի օրենքի ներկայացուցիչները պարտավոր են շարժվել օրենքով և չամուսնացնել նման զույգերին:
Եզդի կիրթ հասարակությունը քաջ գիտակցում է, որ բարեկամական ամուսնությունները, որքան էլ մայրական կողմը գեն չի համարվում, բացասաբար են անդրադառնում ապագա սերունդների ընկալման՝ նրանց ունակությունների վրա: Հետազոտությունը պարզել է, որ բոլոր այն եզդի երեխաները, ովքեր բարեկամական ամուսնությունների պտուղ են, ունեն ընկալման խնդիր: Նույն այդ ուսումնասիրությունների համաձայն, այդ երեխաները դպրոցում լավ չեն սովորում, ինչը ենթադրում է գիտական ոլորտում քիչ հաջողությունների գրանցում: Այս փաստը հաստատեցին մեզ հետ զրուցող եզդիները: