«Օդնոկլասնիկին» ամենամեծ սոցցանցն է Հայաստանում
Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն այսօր ամենամեծն է Հայաստանում՝ մոտ 800 հազար ակտիվ օգտվողներ ունի: Երկրորդ տեղում «Ֆեյսբուքն» է՝ մոտ 315 հազար ակտիվ օգտատերերով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այլ սոցիալական ցանցերից օգտվողները անհամեմատ քիչ են։ Օրինակ՝ «Վկոնտակտե» ցանցում մոտ 4 անգամ քիչ մարդ կա, քան «Ֆեյսբուքում», իսկ «Թվիթերից» Հայաստանում շատ քչերն են օգտվում։ Մինչ «Օդնոկլասնիկին» և «Ֆեսյբուքը» շարունակում են ընդլայնվել՝ նորանոր հայ օգտագործողների ընդգրկելով, ավելի փոքր ցանցերում, օրինակ՝ հայկական սոցցանցային հարթակներում նվազման միտում կա։
Երիտասարդ ռեժիսոր Սեդա Գրիգորյանի համար «Ֆեյսբուքը» և’ անձնական, և’ գործնական շփումների վայր է:
«Ես իմ առօրեայում «Ֆեյսբուքի» տված գրեթե բոլոր հնարավորություններից օգտվում եմ, քանի որ ինքս մեդիայի և վիդեոյի հետ սերտորեն առնչվող մարդ եմ,- ասում Գրիգորյանը,- Գրեթե ամեն օր լուսանկարներ եմ տեղադրում, պարբերաբար տեսանյութեր եմ պատրաստում, տեղադրում։ Բացի դրանից՝ աշխատանքային գործիք է, նորություններ ենք անընդհատ տարածում։ Ես ինքս էլ հետեւում եմ, այն, ինչ որ կարեւոր եմ համարում, իմ էջում միշտ տեղ է գտնում»։
Սեդան ժամանակին նաև «Օդնոկլասնիկին» ակտիվ օգտատեր է եղել, բայց արդեն 2 տարի է՝ ինչ ընդհանրապես չի այցելում այս տիրույթ, ասում է՝ այնտեղ «օր չէր լինում, որ ինչ-որ մի անծանոթ մեկը պիտի գրեր՝ բարև, արի ծանոթանանք, իսկ գոնե ես հաստատ դրա համար չէի մտնում»։
Փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այսօր «Ֆեյսբուքը» ավելի շատ ներքաղաքական հարցեր քննարկելու և որևէ խնդրի շուրջ համախմբվելու ու պայքարելու տիրույթ է դարձել, մինչդեռ «Օդնոկլասնիկին» հարմար է միայն երկկողմանի շփման համար: Այստեղ քննարկման հատուկ թեմաներ չկան՝ մարդիկ հիմնականում անձնական տեղեկատվություն են փոխանակում կամ փորձում ծանոթանալ ու շփվել հակառակ սեռի ներկայացուցչի հետ, ասում է փորձագետը։
««Ֆեյսբուքը» շատ սոցիալիզացված է, այնտեղ հիմնականում ներգրավված են քաղաքական գորիչներ, մարդիկ, որոնք քաղաքականությամբ, սոցիալական հարցերով հետաքրքրված են։ «Օդնոկլասնիկին» ավելի կենցաղային շփման հարթակ է և, բնականաբար, այդտեղ ավելի շատ մարդ կա»,- պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը։
Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ակտիվորեն օգտվում է «Ֆեյսբուքից», մասնավորապես՝ հայտարարություններ տարածելով բնապահպանական կամ մարդու տարբեր իրավունքների խախտումների վերաբերյալ նախաձեռնությունների ու ակցիաների մասին։
«Հիմա, «Ֆեյսբուքը» դարձել է օնլայն մեդիային համարժեք ցանց, որտեղից դու ամեն օր իմանում ես ինչ է կատարվում, ինչպիսի հասարակական ակտիվ գործընթացներ կան, ինչպիսի արձագանք կա դրան, որովհետև իրականում դու միայն չես տեղեկացնում, այլև պլատֆորմ ես ստեղծում, որտեղ մարդիկ ակտիվ քննարկում են, և հասկանում ես՝ քո հասարակության մեջ ինչ բևեռներ կան, այդ խնդրի վերաբերյալ ինչ տեսակետներ կան և ինչով են դրանք բացատրվում»,- նշում է նա։
«Ֆեյսբուքի» հիմնական օգտագործողները երիտասարդներն են, պատանիներն ու դպրոցական տարիքի երեխաները, մինչդեռ «Օդնոկլասնիկի»-ում կա նաև մեծահասակների մի մեծ բանակ, այդ թվում ծնողները, ովքեր սոցցանցում շփվում են իրենց արտասահմանում բնակվող երեխաների հետ ասում է Սամվել Մարտիրոսյանն ու հավելում, որ «Օդնոկլասնիկիի» օգտատերերը Հայաստանում ավելի շատ են նաև այն պատճառով, որ այն ավելի հասանելի է բջջային հեռախոսի միջոցով:
««Օդնօկլասնիկիի» բջջային տարբերակը շատ ավելի հարմար է զուտ «չաթ»-ի տարբերակով։ «Ֆեյսբուք»-ինը շատ ծանր է, շատ մեծ դժգոհություններ է առաջացնում։ Իսկ շատերը Հայաստանում օգտվում են հենց բջջային տարբերակից, որովհետև համակարգիչ չունեն, կամ աշխատանքի վայրում նստած ուղղակի շփվում են, եւ դա էլ է իր ազդեցությունը թողնում», – ասում է փորձագետը։