30 տարի առաջ այս օրը սկսվեց լեգենդար «Կարին» գործողությունը

Այսօր լրանում է լեգենդ դարձած «Կարին» գործողության 30-ամյակը: Այն հայ վրիժառուների՝ կատարված ամենանշանակալից հարվածն էր, որ առաջին անգամ Թուրքիայի տարածքում իրականացրեց «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը» 1982թ. օգոստոսի 7-ին:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։

Իսկ վերոհիշյալ գործողության առիթներից մեկը դրանից օրեր առաջ թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի հոխորտալից հայտարարությունն էր եղել, թե հայերը ունակ են միայն անմեղ թուրք դիվանագետներ սպանել այլ երկրներում, եթե տղամարդկություն ունեն թող դա անեն Թուրքիայում:

Եվ ահա 1982թ. օգոստոսի 7-ի ժամը 3-ին մահապարտների ջոկատը մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:
Թուրքերը լրացուցիչ ուժեր բերեցին և օդանավակայանը շրջափակեցին: Հայկական ջոկատը պատանդ վերցրեց 250 ուղևորի, որոնց մեջ եղած ամերիկացիների ու գերմանացիների միջոցով սկսեց բանակցություններ վարել թուրքերի հետ:

Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը: Բախման ժամանակ զոհվեց 12 ուղևոր: Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:
Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին նռնակներով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս