Ֆեյսբուքյան նախաձեռնությունը պատասխանել է ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի նամակին

Հարսնաքար ռեստորանում դաժանորեն ծեծվելու հետեւանքով մահացած ռազմական բժիշկ, 33-ամյա Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը բավական հետաքրքրական նամակ է տպագրվել Առավոտ օրաթերթում:

Նամակի հեղինակները մի խումբ ավանցիներ են, որ ներկայանում են որպես մտավորական, հայտարարում են, որ “վայ հեղափոխականները” շահարկում են Վահե Ավետյանի մահը եւ սլաքն ուղղում Ռուբեն Հայրապետյանի դեմ: Նամակի հեղինակները խնդրում են Ռուբեն Հայրապետյանին չթողնել ԱԺ պատգամավորի մանդատն ու հուսախաբ չանել իրենց:

Եվ ահա «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» Facebookյան նախաձեռնությունը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որի առիթը օգոստոսի 7-ին մամուլում ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի մանդատի գրված վերոհիշյալ նամակն է: Ահա թե ինչ են գրել նախաձեռնության անդամները.

«Ընթացիկ տարվա հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար համալիրում Հայրապետյանի թիկնազորը խոշտանգումների էր ենթարկել մի խումբ ռազմական բժիշկների, որոնցից մեկը` Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով` հունիսի 29-ին մահացել էր:

Բարձրացած հասարակական ալիքը մարելու նպատակով, Հանրապետական կուսակցության պարագլուխ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի` պատգամավորի հրաժարականի մասին դիմումը պետք է հրապարակվի ԱԺ առաջիկա նիստում, և եթե դիմումի հրապարակումից հետո 15 օր անց պատգամավորը ետ չի վերցնում իր դիմումը, դրանից հետո միայն դադարեցվում են պատգամավորի լիազորությունները:

Քանի որ Ազգային ժողովը Հայրապետյանի հայտարարության պահին գտնվում էր արձակուրդում, այս գործընթացը պետք է տեղի ունենար սեպտեմբերին` ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ:

Եվ ահա, Ազգային ժողովի հերթական նստաշրջանից մոտ մեկ ամիս առաջ, հանրությանն անհայտ մի քանի կեղծ բարեպաշտներ լրատվամիջոցներից մեկով Ռուբեն Հայրապետյանին կոչ են անում հրաաժարվել պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումից:

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` հանցավոր իշխանությունների կողմից ծրագրված` հասարակությանը հասցվող ապտակ:

Մենք հայտարարում ենք, որ Ռուբեն Հայրապետյանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանությամբ զբաղվող մարդիկ այդպիսով պաշտպանում են մարդասպաններին և հանցագործներին` ոտնահարելով համամարդկային արժեքներն ու բնական իրավունքները:

Այս մարդկանց դատապարտելի պահվածքը հավանաբար կապված է կրթության և մշակույթի ոլորտների ցածր պետական ֆինանսավորման հետ, ինչի հետևանքով արժանապատիվ աշխատանքի դիմաց վարձատրվելու փոխարեն` նրանք պարտադրված են իրենց հայացքն ուղղել դեպի Ռուբեն Հայրապետյանի նմանների գրպանը:

Հաշվի առնելով քաղաքական իշխանությունների վարած աղետալի քաղաքականության հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ըմբռնումով ենք մոտենում պալատական “մտավորականների” վարքագծին, միաժամանակ համոզված լինելով, որ իրական մտավորականների համար համամարդկային արժեքներն ավելին են, քան սեփական ստամոքսը լցնելու մոլուցքը:

Հերոստրատի նմանությամբ` այդ մարդիկ իրենց անունները հավերժացրեցին քաղաքացիական պայքարի պատմության էջերում` Արտաշես Գեղամյանի, Արեմն Աշոտյանի, Շուշան Պետրոսյանի և հանցագործ Ռուբեն Հայրապետյանի մյուս պաշտպանների նմանությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս