«Արցախի միջազգային ճանաչման գործընթացն արդեն նոր թափ է ստանում»

«Նման բանաձևի ընդունումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն արդեն նոր թափ է ստանում և կամաց-կամաց ընթանում է բավականին ակտիվ ճանապարհով»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի կողմից  Արցախի անկախությունը սատարող բանաձևի ընդունման փաստը:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ Մասաչուսեթս նահանգի կողմից նման նախաձեռնությունն առաջին դեպքը չէ. ԱՄՆ-ի մի շարք նահանգներ և քաղաքներ, տեղական ինքնակառավարման տարբեր օղակներ այսպիսի հայտարարություններ են արել: «Կարծում եմ, սա կամաց-կամաց բերելու է նրան, որ Արցախի Հանրապետությունն, իրոք, արդեն կսկսեն ճանաչել նաև ավելի բարձր` դաշնային կամ ֆեդերալ, ինչպես նաև պետական մակարդակով: Հուսով եմ, որ այս գործընթացը շարունակական կլինի: Սա նաև ցույց է տալիս Հայաստանի և Արցախի դիվանագիտական համատեղ քաղաքականության արդյունավետությունը»,- ասաց նա:

Իսկ բանաձևի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի մասին, ըստ որի «քաղաքական առանձին գործիչների կարծիքները, ինչպես նաև առանձին նահանգների բանաձևերն ազդեցություն չեն ունենում Լեռնային Ղարաբաղի և ԼՂ հակամարտության կարգավորման նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած դիրքորոշման վրա», Դավիթ Բաբայանն ասաց. «Իրենք այդպես էլ պետք է ասեն, պարզապես ուրիշ ճար չունեն: Խնդիրն այն է, որ առանձին գործիչների կարծիքը կարող է մեծ ազդեցություն ունենալ տարիներ հետո, քանի որ ամեն ինչ գալիս է մեկ ձայնից, այնուհետև մեծանում է, և, ի վերջո, իրավիճակն արմատապես փոխվում է: Կարծում եմ, որ նույն տարբերակը մենք կունենանք նաև Արցախի պարագայում. և’ պետություններ, և’ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ ավելի շատ են խոսում մեր անկախության ճանաչման կարևորության մասին ու սա ողջունելի է»:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 6-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու ժողովրդավար անկախությունը: Բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ:

Կարդացեք նաև

Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայումս նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության:

Տեսանյութեր

Լրահոս